Ավագ շաբաթվա արարողությունները եւ պատարագները կանցկացվեն առանց հավատացյալների ներկայության. Մայր Աթոռ
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Ի լրումն համավարակի առնչությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական հորդորի՝ այսու տեղեկացնում ենք մեր բարեպաշտ ժողովրդին, որ, առկա իրավիճակով պայմանավորված, որոշում է կայացվել շարունակել Ավագ շաբաթվա արարողությունները եւ Սուրբ Պատարագներն անցկացնել դռնփակ, առանց հավատացյալների ներկայության։
Հայտարարված արտակարգ դրության պայմաններում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հորդորում է հավատացյալներին պահքը լուծել ապրիլի 11-ին՝ Ճրագալույցի Ս․ Պատարագից հետո, եւ, առավելագույն պատասխանատվությամբ պահպանելով ինքնամեկուսացման սահմանված կանոնները, հաջորդող օրերին առանձնաբար այցելել եկեղեցիներ եւ հոգեւոր հովիվներից ստանալ Սուրբ Հաղորդություն։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից թելադրություն է արվել սփյուռքի թեմերի առաջնորդներին գործել ըստ իրենց երկրներում տիրող իրավիճակի։ Հոգեւոր հովիվներն առողջապահական բոլոր կանոնների գործադրությամբ կշարունակեն հասանելի միջոցներով իրենց հոգեխնամ առաքելությունն իրականացնել՝ ի մխիթարություն մեր հավատավոր ժողովրդի»։