Փոխնախարարը մեկնաբանել է Վերին Լարսի անցակետում բարդությունների պատճառով «Սպայկա» ընկերության կրած վնասը
Բեռնափոխադրողներին կոչ եմ անում հետեւել կորոնավիրուսի դեմ պայքարի հետ կապված սահմանափակումներին, ինչպես նաեւ հաշվի առնել Վերին Լարսի անցակետում եղանակային պայմանները: Այս մասին ապրիլի 6-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:
Նա պարզաբանեց, որ մարտին Վերին Լարսի անձակետում ուժեղ ձյան պատճառով հսկիչ անցակետը փակվել է: «Մեր արտահանողներին խնդրում եմ հաշվի առնել եղանակային պայմաններն ու կիրառել տարբեր երկրների միջոցառումները՝ կապված կորոնավիրուսի դեմ պայքարի հետ»,- հավելեց Սիմոնյանը:
Պաշտոնյան ընդգծեց, որ Վրաստանում եւս բեռնափոխադրումների մասով սահմանափակումներ են գործում:
Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետում բարդությունների պատճառով «Սպայկա» ընկերությունը 1,5 մլն դոլարի վնաս է կրել: