Գազի գնի աճը էլեկտրաէներգիայի գների լուրջ բարձրացման չի հանգեցնի, սակայն կխորացնի աղքատությունը. փորձագետ
Եթե «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հայտը հավանություն ստանա, ապա ամռան վերջին եւ աշնան սկզբին կարելի է կանխատեսել գնաճ եւ երկրում աղքատության մակարդակի խորացում, սակայն էլեկտրաէներգիայի գների էական բարձրացում չի լինի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց էներգետիկայի ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:
Նա հիշեցրեց, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ապրիլի 2-ին պաշտոնապես դիմել է ՀԾԿՀ-ին՝ առաջարկելով հուլիսի 1-ից բարձրացնել բնական գազի սակագինը:
«Յուրաքանչյուր վաճառվող 1000 խորանարդ մետրի համար գործող սակագինը կազմում է 100000 դրամ: «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է բարձրացնել այդ սակագինը՝ հասցնելով 135909,6 դրամի: Այլ կերպ ասած, եթե նրանք 1 խորանարդ մետր գազի համար 100 դրամ են վճարել, ապա նոր հայտով կվճարեն 135 դրամ: Մյուս սպառողների համար գինը կնվազի 2,3%-ով: Դա նշանակում է, որ սոցիալապես անապահով շերտի համար հատուկ պայմաններ չեն գործի»,- նշեց Վահե Դավթյանը:
Փորձագետը պարզաբանեց, որ առաջարկվում է բարձրացնել սակագինը նաեւ հատվածի համար, որն ավելի քան 10 հազար խորանարդ մետր գազ է սպառում, ինչը հանգեցնում է 36%-ով երկու կարեւոր ոլորտների համար, ինչպիսիք են՝ վերամշակող արդյունաբերություն եւ ջերմոցային տնտեսություն:
«Դրանից ելնելով այս ամռան վերջին եւ աշնան սկզբին կարելի է կանխատեսել գնաճ եւ աղքատության խորացում: Հանձնաժողովը 90 օրում կարող է դիտարկել հայտն ու որոշում ընդունել, որից հետո կսկսեն նոր սակագնային պայմաններ գործել»,- ընդգծեց նա:
Նա հավելեց, որ ՀԾԿՀ-ն ուն իգործիքներ, որոնք թույլ են տալիս մերժել առաջարկները, սակայն դրանք ֆորմալ են:
Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ նոր փաթեթը շրջանցում է այն գեներացնող ուժերը, որոնք գործում են բնական գազի վրա, մասնավորապես, ջերմաէլեկտրակայաններում:
«Հայաստանում էլեկտրագեներացիայի 40-42% կազմում են ջերմաէլեկտրակայանները: Դա նշանակում է,որ էլեկտրաէներգիայի գների էական աճ չի լինի»,- եզրափակեց Դավթյանը: