Արցախում իրավիճակն ապակայունացնողները պատասխան են տալու
Մոտենում է Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների օրը։ Հետաձգելը, ունենալով իր հիմնավորումերը, բացառապես Արցախի ներքին գործն է, որը պետք է հիմնված լինի համաճարակային իրավիճակի, ներքին տեղեկատվության չոր փաստերի վրա։
Իսկ մինչ այդ ընտրապայքարի վերջին օրերին նկատվում է ապակայուցաման փորձերի միտում։ Արցախում են հայտնվել մարդիկ, որոնք որեւէ ռացիոնալ գործի համար պիտանի չեն, եւ որոնց գործառույթը միակն է...
Օրերս հրապարակվեց մի որոշում, համաձայն որի, Արցախի մուտքերը փակ են՝ վիրուսի տարածման կանխարգելման նպատակով, բայց միեւնույն ժամանակ, դրանք բաց են դիտորդական առաքելություն իրականացնողների համար։
Արցախի իշխանությունները կարանտին պետք է ավելի շուտ մտցնեին, որը թե կորոնավիրուսի ներթափացման դեմ կարեւոր քայլ կլիներ, թե ապակայունացման վիրուսի դեմ։ Չարեցին, ուշացան։
Արցախում վերջին շրջանում իրար գլխի են հավաքվել այն խմբերն ու ուժերը, որոնք նպատակադրված աշխատում են անկայունություն մտցնելու համար: Արցախի իշխանությունները ժամանակին չլսեցին բանականության ձայնը, եւ ավելորդ ու Արցախի համար անթույլատրելի լոյալություն հանդես բերեցին այն կասկածելի տարրերի հանդեպ, որոնց նպատակներն ու ձգտումները, մեղմ ասած, վտանգավոր են Արցախ աշխարհի համար:
Ի դեպ, Արցախում է նաեւ այն ջահելը, որ Երեւանում սպառնում էր քարերով «ցխել» Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը:
Ինչու նա քրեական պատասխանատվության չի ենթարկվում, ինչո՞ւ նա առնվազն չի արտաքսվում: Այդ ինչ միանձնուհու քնքշություն են ցուցաբերում Արցախի իշխանությունները։ Այսօրվա հապաղումն ու անգործությունը վաղը կարող է լուրջ խնդիր դառնալ: Ստեղծվում է տպավորություն, որ Արցախի այսօրվա իշխանությունները հոգեբանորեն արդեն թոշակի են գնացել եւ կորցրել զգոնությունը։ Սա շատ վտանգավոր վիճակ է։
Ավելորդ է անգամ շեշտել, թե ինչու չի կարելի Արցախում անկայուն իրավիճակ ստեղծել, ինչու չի կարելի Արցախում արկածախնդրությամբ զբաղվել: Եւ մի կարեւոր հիշեցում. մեկ առ մեկ պատասխան են տալու բոլոր նրանք, ովքեր տարբեր պատրվակներով եւ առիթներով փորձում են այսօր Արցախում իրավիճակն ապակայունացնել եւ դուրս բերել վերահսկողությունից:
Արցախի իշխանությունները շատ զգոն պետք է լինեն, բոլոր թեկնածուները եւ քաղաքական ուժերն այս հարցում միասնական ու կոշտ պետք է լինեն։ Բոլոր նրանք, ովքեր կփոձեն Արցախում ապակայունացնող, սադրիչ քայլել անել ուղղակի պետք է վտարվեն Արցախից, ի դեպ, ոմանց կարելի է նույնիսկ դեպի Ադրբեջան ( չի բացառվում, որ ավելի կոմֆորտ զգան իրենց)։
Արցախը փորձարկումների եւ արկածախնդրությամբ զբաղվելու դաշտ չէ: Արցախը ամբողջ Հայաստանի վահանն է եւ սա երբեք չի կարելի մոռանալ:
Գեղամ Նազարյան
Top-News.am