Մեկուսացված զինծառայողների տրամադրությունը բարձր էր. ՊՆ խոսնակն այցելության էր գնացել նրանց
Կորոնավիրուսով վարակված եւ նրանց հետ կոնտակտ ունեցած զինծառայողներին ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այցելության էր գնացել: Այս մասին տեղեկանում են ՊՆ խոսնակի ֆեյսբուքյան լայվից:
Նա հատուկ հանդերձանքով էր. պաշտպանիչ ակնոցներով եւ դիմակով, երկշերտ ձեռնոցներով: Նրան ուղեկցում էին բուժաշխատողները:
Բուժաշխատողներից մեկը հայտնեց, որ այդ տարածքում մեկուսացված են բոլոր այն զինծառայողները, որոնք հավանական շփում եւ շփում են ունեցել այն զինծառայողների հետ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս:
Ստեփանյանը շրջեց մեկուսացված զինծառայողների սենյակներով: Հետաքրքվեց, թե ինչպիսի տրամադրություն ունեն, արդյոք նախաճաշե՞լ են: Նրանք ասում էին, որ ունեն մարտական տրամադրություն, եւ, որ իրենց այդտեղ գտնվելը դեռ չի նշանակում, որ նրանք չեն կարող իրենց առաջ դրված առաջադրանքները կատարել:
Ստեփանյանը վերջում հայտնեց, որ այս պահին առաջնագծի զորամասերում կորոնավիրոսով վարակվածության դեպք չունեն:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել հինգ զինծառայողի մոտ:
Հինգ վարակված զինծառայողներից ոչ մեկը չունի թոքաբորբ, մեկի մոտ առկա է թույլ արտահայտված ջերմություն, մյուս չորս զինծառայողները բացարձակ չունեն հիվանդությանը բնորոշ ախտանիշներ։