Իմ իրավունքները Կառավարությունը չի կարող սահմանափակել. Արման Թաթոյանի արձագանքին վարչապետը պատասխանեց՝ ոնց ասեք (տեսանյութ)
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Կառավարության նիստին ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին որոշման նախագիծը:
«Այս նախագծով կանոնակարգում ենք ծանր հիվանդության հիմքում կալանավորված անձանց կալանքից ազատման հարցի քննության ժամկետը և ծանր հիվանդության հիմքով հետագա պատիժը կրելու դատապարտյալի իրավունքի մասով ժամկետների կանոնակարգումը»- ասաց նա:
Նախարարը նշեց, որ հունվարին ունեցել են երկու ցավալի դեպք, երբ նիստը նշանակվել է 20-25 օր հետո, իսկ մինչ այդ դատապարտյալը մահացել է: «Մեր նպատակն է, որ այդ դեպքում շատ արագ լինի այդ գործընթացը»,- ասաց նա:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, թեև կարևորեց նախագիծը, սակայն նշեց, որ նկատառումներ ունի: «Գտնում ենք, որ սկզբունքային առումով պետք է փոխվի նախագիծը, քանի որ Սահմանադրության հետ կապված խնդիրներ կարող է առաջացնել»,- ասաց նա:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասաց, որ չի կիսում մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը: Արդարադատության նախարարը նշեց, որ թեև համաձայն է մարդու իրավունքների պաշտպանի հետ, սակայն պաշտպանի ներկայացրած առաջարկներն այլ նախագիծ է և կոչ արեց, որ պաշտպանը նախագիծ ներկայացնի:
Վարչապետն առկա անհամաձայնության համար կոչ արեց նախագիծը հետ ուղարկել կոմիտե և նորից քննարկել: «Եթե դրա պատճառով, մարդու իրավուքնների պաշտպանի դիտողության պատճառով պետք է մարդու իրավուքնները խախտվեն, դա էլ երևի նոր աշխարհի առանձնահատկություններն են, հումոր է, պարո՛ն Թաթոյան»,- կատակեց նախարարը:
Դատախազը նշեց, որ չի կիսում մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը խափանման միջոցների հետ կապված մեղադրական թեքում ունեն:
«Լավ, եկեք մարդու իրավուքնների պաշտպանի իրավունքները չսահմանափակենք»,-ասաց վարչապետը, ինչին Արման Թաթոյանն արձագանքեց. «Իմ իրավունքները Կառավարությունը, ամենայն հարգանքով, չի կարող սահմանափակել»: «Լավ, ոնց ասեք»,- հավելեց վարչապետը:
Այսպսով՝ նախագիծը հետ ուղարկվեց կոմիտե: