Կորոնավիրուսով զարկ տանք ճանապարաշինությանը եւ վերջ տանք պորտաբուծությանը
Լսելով Նիկոլ Փաշինյանի մտորումները կորոնավիրուսի եւ դրանից քաղելիք մեր օգուտների մասին ակամա, շատ ակամա հիշում ես Օստապ Բենդերի ելույթը վասյուկինցիների առջեւ:
Մինչ Նիկոլ Փաշինյանի մտքերը ներկայացնելը, հիշենք, թե ինչեր ասում Օստապ Բենդերը սուր ճգնաժամային իրավիճակում Վասյուկիի շախմատի տան անդամներին:
« – Շախմատը, – ասում էր Օստապը – Դուք գիտե՞ք, թե ինչ է շախմատը: Այն առաջ է մղում ոչ միայն մշակույթը, այլ նաեւ տնտեսությունը...»:
«– Այո,– բացականչում էր նա: – Շախմատը հարստացնում է երկիրը: Եթե դուք համաձայնեք իմ ծրագրի հետ, ապա նավամատույց դուք կգնաք մարմարյա աստիճաններով: Վասյուկին կդառնա տասը նահանգի կենտրոն: Նախկինում դուք ի՞նչ էիք լսել Զեմերինգ քաղաքի մասին: Ոչինչ: Իսկ հիմա այդ փոքրիկ քաղաքը հարուստ է եւ հայտնի միայն նրա համար, որ այնտեղ միջազգային մրցաշար է կազմակերպվել: Այդ իսկ պատճառով ես ասում եմ՝ Վասյուկիում պետք է կազմակերպել միջազգային շախմատային մրցաշար:
– Ինչպե՞ս – բացականչեցին բոլորը:
– Լիովին իրականանալի գործ է, – պատասխանեց գրոսմայստերը,– իմ անձնական կապերը եւ ձեր ինքնագործունեությունը, ահա այն ամենը ինչ պետք է վասյուկիյան մրցաշարի կազմակերպման համար: Մտածեք այն մասին, թե ինչ լավ է հնչելու՝ Միջազգային վասյուկիյան մրցաշար-1927թ.: Խոսե Ռաուլ Կապաբլանկայի, Էմանուել Լասկերի, Ալյոխինի, Նիմցովիչի, Ռետի, Ռուբինշտեյնի, Մարոցիի, Տարաշի, Վիդմարի եւ դոկտոր Գրիգորեւի մասնակցությունն ապահովված է: Ավելին, ապահովված է նաեւ իմ մասնակցությունը:
– Իսկ գումա՞ր – հոգոց հանեցին վասյուկիցիները: – Նրանց բոլորին պետք է վճարենք: Շատ հազար փող: Որտեղի՞ց դրանք վերցնենք:
– Ամեն ինչ հաշված է հզոր փոթորկի կողմից, – ասաց Օ. Բենդերը, – փողը կտա դրամահավաքը:
– Ո՞վ այդքան խելահեղ փողեր կտա, վասյուկիցինե՞րը...
– Ի՞նչ վասյուկիցիներ: Վասյուկիցիները գումար չեն վճարելու: Նրանք դրանք ստա-նա-լու են: Ախր դա չափազանց հեշտ է: Չէ որ նման վելտմայստերների ելույթը նայելու համար այստեղ կգան շախմատասերներ ամբողջ աշխարհից: Հարյուր հազարավոր մարդիկ, հարուստ մարդիկ, շտապելու են Վասյուկի: Առաջին հերթին գետային տրանսպորտն ի վիճակի չի լինելու սպասարկել նման թվով մարդկանց: Հետեւաբար, կառավարությունը կկառուցի Մոսկվա-Վասյուկի երկաթուղագիծը: Սա՝ մեկ: Երկրորդ՝ հյուրանոցներ եւ երկնաքերեր հյուրերին տեղավորելու համար: Երրորդ՝ գյուղատնտեսության կտրուկ վերելք հազար կիլոմետր շառավղով. հյուրերին պետք է մատակարարել բանջարեղեն, միրգ, խավիար, շոկոլադե կոնֆետներ: Պալատը, որտեղ անցկացվելու է մրցաշարը՝ չորրորդը: Հինգերորդ՝ ավտոտնակների կառուցում հյուրերին սպասարկող ավտոտրանսպորտի համար: Մրցաշարի սենսացիոն արդյունքներն աշխարհին հայտնելու համար պետք կլինի կառուցել գերհզոր ռադիոկայան: Սա էլ վեցերորդը: Հիմա խոսենք Մոսկվա-Վասյուկի երկաթուղագծի մասին: Անկասկած, այն չի կարողանա ունենալ այն թողունակությունը, որը թույլ կտա բոլոր ցանկացողներին հասցնել Վասյուկի: Այստեղից էլ բխում է «Մեծ Վասյուկի» օդանավակայանը, որտեղից փոստային օդանավերը եւ դիրիժաբլներն ուղղություն կվերցնեն աշխարհի տարբեր կողմեր, այդ թվում Լոս Անջելոս եւ Մելբուռն:
«…» – Մի անհանգստացեք, – ասաց Օստապը, – իմ ծրագիրը երաշխավորում է արտադրական ուժերի աննախադեպ բարգավաճում ձեր քաղաքի համար: Մտածեք, ինչ կլինի, երբ մրցաշարն ավարտվի եւ հեռանան բոլոր հյուրերը: Մոսկվայի բնակիչները, նեղված բնակարանային ճգնաժամով, կնետվեն ձեր հիասքանչ քաղաք: Մայրաքաղաքն ինքնաբերաբար կտեղափոխվի Վասյուկի: Այստեղ հաստատվում է կառավարությունը: Վասյուկին կանվանվի Նյու Մոսկվա, իսկ Մոսկվան՝ Հին Վասյուկի: Լենինգրադցիներն ու խարկովցիները կկրճկրճացնեն ատամները, բայց ոչինչ չեն կարողանա անել: Նյու Մոսկվան կվերածվի Եվրոպայի էլեգանտ կենտրոնը, իսկ շուտով նաեւ ամբողջ աշխարհի:
– Ամբողջ աշխարհի,– հոգոց հանեցին վասյուկիցիները:
– Այո, իսկ հետո նաեւ տիեզերքի...»:
Սա Օստապ Բենդերը, իսկ հիմա տեսնենք, թե ինչ է ասում Փաշինյանն այն մասին, թե ինչ լայն հնարավորություն է տալու ՀՀ քաղաքացիներին կորոնավիրուսը եւ դրա հետեւանքները: Ընդամենը մի քանի մեջբերում:
«Պետք է ջնջենք մեր պատկերացումներն ուրիշ սցենար մտածենք, բայց այսօր մեր բոլոր քննարկումների կոնտեքստը եւ ենթատեքստը հետեւյալն է, որ սա մեզ համար հնարավորություն է, որ ֆիքսենք զրոյական կետ եւ զրոյական կետից բոլորվին նոր երկիր կառուցենք, բոլորովին նոր հարաբերություններով, բոլորովին նոր տրամաբանությամբ եւ բոլորովին նոր ամբիցիաներով: Ես մի բան ասեմ, որ կարող է բոլորովին ոչ ադեկվատ, ծիծաղելի թվալ, այստեղ մեզ համար տեսնում եմ շատ մեծ շանս, շատ մեծ հնարավորություն»:
Այստեղ Փաշինյանը ոգեւորվեց եւ խոստացավ առաջիկայում առնվազն 150 մլրդ դրամի (300 միլիոն դոլար) աջակցություն կառավարության կողմից տնտեսությանը:
Եւ եթե վասյուկիցիները համարձակվեցին Բենդերին հարցնել՝ իսկ որտեղի՞ց գումարը, ապա Արամ Աբրահամյանը նախընտրեց նման հարց չտալ: Եւ այստեղ Փաշինյանը մի փոքր վերադարձավ իրականություն եւ ավելացրեց, որ աջակցությունը կլինի մի քանի փուլով։ «Առաջին փուլով 25 մլրդ դրամ կհատկացվի եւ այն մի քանի օրվա ընթացքում գործնականում հնարավոր կլինի կիրառել»,- խոստացավ նա։
«Մենք ուզում ենք այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնց արդյունքում ոչ միայն բիզնեսին կաջակցենք, այլեւ կոնկրետ մարդկանց՝ համոզված լինելով, որ մեր աջակցությունը կհասնի կոնկրետ մարդկանց։ Ծրագիրը հետեւյալն է՝ այն ընկերությունները, որոնք դրամական արտահայտությամբ վարկ կվերցնեն հայաստանյան բանկերից, իրենց աշխատողների աշխատավարձը վճարելու, իրենց հարկային պարտավորությունները կատարելու, կոմունալ վճարներն անելու համար, կառավարությունը այդ վարկի 50 տոկոսը կհամաֆինանսավորի 0 տոկոսով։ Իսկ բանկի հատվածի տոկոսը կսուբսիդավորի, որպեսզի այդ հատվածը նույնպես լինի 0 տոկոսով»,- հայտնեց վարչապետը։
Նրա խոսքով` սա շատ լավ ժամանակ է, որ արագ աջակցություն ցուցաբերեն գյուղատնտեսությանն ու գյուղոլորտի վարկերը սուբսիդավորեն այնքան, մինչեւ դառնա զրո տոկոս, արդյունքում մարդկանց քաջալերել զբաղվել գյուղատնտեսությամբ:
«30 միլիարդ դրամի փաթեթ ենք պատրաստել` զուտ սոցիալական հրատապ աջակցության համար, որպեսզի մենք բացառենք այն վիճակը, երբ մարդկանց սոցիալական կարգավիճակի գահավիժում կլինի», - ասաց վարչապետը` հավելելով, որ քաղաքացին ու բիզնեսը պետք է վստահ լինեն, որ կառավարությունը հստակ կանգնելու է իրենց կողքին:
«Բոլոր այն մարդիկ, որ ունեն գաղափար, հիմա, առավել ևս հիմա պետք է վստահ լինեն, որ կառավարությունը կանգնելու է իրենց կողքին», - հայտարարեց նա:
«Մենք այս իրավիճակից դուրս ենք գալու հաղթած, ուժեղ, շատ ավելի հպարտ, շատ ավելի հզոր, շատ ավելի կենսունակ, շատ ավելի մրցունակ, շատ ավելի գրագետ, նաև` իհարկե, որպես ժողովուրդ, որպես ազգ, որպես հանրություն, որպես ազգ, որպես պետություն շատ ավելի միասնական»,- սա էլ Փաշինյանի պատասխանը կորոնավիրուսին:
Աննա Բաղդասարյան
Top-News.am