Նիկոլ Փաշինյանը սեւով է ներկում նորանկախ պետության անցյալը
Իր հիմնական գործը թողած, արձակուրդ վերցրած, կորոնավիրուսի աննախադեպ տարածման պայմաններում հանրային հավաքներ կազմակերպող Փաշինյանը հիմա էլ հռչակագիր է գրել եւ սեւով ներկել Հայաստանի նորանկախ պատմության մի զգալի հատվածը:
Եւ այս «հռչակագրին» ծանոթանալուց հետո մի քանի հարց է առաջանում: Այսպես, հիմա ի՞նչ են ասելու ՀԱԿ-ի համակիրները, անդամները, Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցները, կարդալով հռչակագրի հետեւյալ տողերը. «1995 թվականից մինչեւ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տեղի ունեցած որեւէ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքներ չեն արտահայտել ժողովրդի ազատ կամքը»:
Չնկատելու եք տալո՞ւ, թե ի՞նչ եք անելու: Նորի՞ց եք աջակցելու Փաշինյանին, կրկին ԱՅՈ եք ասելու մի հանրաքվեի, որից հետո Հայաստանում բացարձակ միապետություն հաստատելու վճռական փորձ է արվելու, որի իրականացման դեպքում ձեզ, մեղմ ասած, լավ օրեր չեն սպասվելու, քանի որ այսպիսի իշխանությանը կալանավորվողների նոր խմբաքանակ է պետք գալու: Հետաքրքիր է, դեռ որքա՞ն է լռելու Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Նույն հռչակագրում Փաշինյանը պնդում է կամ կրկին պնդում է, որ մինչ իր «հեղափոխությունը» Հայաստանում ձեւավորվել եւ գործել է կոռուպցիոն համակարգ, որը վերաճել է համակարգային կոռուպցիայի։
Նա կրկին պնդում է, որ հիմա Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա: Եւ հիմա հարց ՀՀ քաղաքացուն. իսկ ի՞նչ է ծանոթ-բարեկամներին, հարազատներին տարբեր պաշտոններում նշանակելը, իսկ ի՞նչ է պարգեւավճարների գերառատ բաժանումը: Եւ որքա՞ն եք հանդուրժելու այս կործանարար պոպուլիզմը:
Վարկանիշը գրեթե զրոյին հավասարեցրած Փաշինյանը կրկին խոստանում է Ռոբին Հուդ դառնալ, հարուստներից խլել փողերը եւ բաժանել աղքատներին: Ներողություն, արդեն ոչ թե փողերը աղքատներին է տալու, այլ հանձնելու է պետական գանձարան:
ՀՀ քաղաքացին որքա՞ն է հանդուրժելու 20-րդ դարի սկզբներին բնորոշ այս ամոթալի պոպուլիզմը: Որքա՞ն:
«Հայաստանում պետք է ձեւավորվեն իշխանության եւ բիզնեսի տարանջատման գործուն մեխանիզմներ․ իշխանությունը չի կարող լինել հարստություն կուտակելու կամ կուտակված հարստությունը պահպանելու միջոց»,- գրել է Փաշինյանը, իսկ ժողովուրդը հարցնում է, իսկ ի՞նչ էիք անում անցած երկու տարիների ընթացքում: Այդ ինչպե՞ս էիք հաջողացնում ձեր կուսակցության համար, Աննա Հակոբյանի հիմնադրամների համար հսկայական գումարներ հավաքագրել, այն դեպքում, երբ մի երեխայի բուժման համար մեկ այլ հասարակական կազմակերպություն դժվարանում է անգամ հարյուր դոլար հավաքել։ Մի՞թե պոպուլիզմն այս աստիճանի կարող է հասնել:
Եւ մի դիտարկում: Կարծում ենք Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, շատ լավ գիտի, թե քանի 18 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացի է ապրում Հայաստանում: Պատկերացնում է, որ նրանց առնվազն կեսը չի մասնակցելու հանրաքվեին: Ընդգծենք, առնվազն կեսը, իսկ իրականում երկու երրորդը: Բնականաբար, Նիկոլ աշինյանը պատկերացնում է, թե ինչ կմտածեն բոլոր ՀՀ քաղաքացիներն իր մասին, եթե ապրիլի 6-ին Մուկուչյանը հայտարարի, թե 600 հազար կամ 650 հազար մարդ ԱՅՈ է ասել հանրաքվեին:
Վահրամ Գեւորգյան
Top-News.am