Սորոսն Էրդողանի հետ ձեռք-ձեռքի տված հարցեր են լուծում, իսկ մենք...
Ջորջ Սորոսը, որի անունը Հայաստանում վերջին շրջանում շատ հաճախ են տալիս, Financial Times-ում հոդված է հրապարակում եւ Եվրոպային կոչ անում աջակցել Թուրքիային՝ Սիրիայում Ռուսաստանի դեմ մղվող պայքարում:
Տարօրինակ է, բայց այս հոդվածը Հայաստանում սպասված արձագանքը չստացավ: Այնպիսի տպավորություն է, որ Սորոսը եւ նրա ֆինանսավորած կազմակերպությունը Հայաստանի հետ որեւէ առնչություն չունեն:
Սորոսը ամենաբաց տեքստով իր աջակցությունն է հայտնում Էրդողանին, միաժամանակ եվրոպացիներին կոչ անում աջակցել Թուրքիայի նախագահի Ռուսաստանի դեմ պայքարում:
Սորոսն աջակցում է մի երկրի, որը ներխուժել է հարեւան երկիր եւ պատճառ դարձել տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների տեղահանման, հազարավորների վիրավորվելուն եւ հարյուրավորների սպանվելուն:
Իսկ ի՞նչ երաշխիք, որ հանուն իր ինչ-ինչ եւ Թուրքիայի ռազմավարական շահերի Արցախի խնդրում նույն Սորոսը Եվրոպային կոչ չի անի աջակցել Ադրբեջանին, եւ ամենակարեւորը, ի՞նչ երաշխիք, որ այդ կոչը նա արդեն չի արել, պարզապես դեռ հոդված չի հրապարակել:
Ի՞նչ երաշխիք, որ նույն Սորոսը ոչ միայն եվրոպացիներին է կոչ արել աջակցել Թուրքիային Ռուսաստանի դեմ պայքարում, այլ նաեւ իր կողմից ֆինանսավորվող կազմակերպություններին, ընդ որում, նաեւ նրանց, որոնք գործում են հենց Հայաստանում:
Պարզապես հպանցիկ ուսումնասիրելով ֆեյսբուքյան որոշ հայաստանցի օգտատերերի էջերը հասկանում ես, որ այդ հրահանգը հնարավոր է որ արդեն իսկ եղել է: Եւ կրկին հարց. իսկ ի՞նչ երաշխիք, եթե նման հրահանգ չի եղել նաեւ Արցախի հարցում:
Հանրաքվե խաղալու, Հայաստանին կեղծ օրակարգեր պարտադրելու, ՍԴ-ից ազատվելու փոխարեն պետության ղեկավարները պարտավոր են մտածել, կոնկրետ քայլեր իրականացնել մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար: Իսկ մենք, ինչպես տեսանք, Սորոսի հոդվածը որեւէ կերպ արձագանք չգտավ կառավարության կողմից, խորհրդարանում կառավարող ուժի խմբակցության կողմից: Նրանք չնկատելու տվեցին Սորոսի հոդվածը:
Իսկ հիմա ինչպե՞ս չհիշես Արցախի ոստիկանությանը վարկաբեկելու հայտնի փորձը, ինչպես ուշադրություն չդարձնես օրերս Արցախում գործող կուսակցություններից մեկի ղեկավարի բաց նամակին Նիկոլ Փաշինյանին, որտեղ մտահոգություն էր հայտնվում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններից մեկի կողմից արվող քայլերի կապակցությամբ:
Ինչպես չնկատելու տաս ԱԱԾ-ն կազմալուծելու, փակելու որոշ «գործիչների» կոչերը, նույն այդ գործիչների Գյումրու ռուսաստանյան ռազմական հենակայանը փակելու կոչերին կամ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս բերելու պարբերաբար արվող հայտարարություններին: Ցավոք, թվարկում կարող ենք շարունակել եւ շարունակել:
Եւ մի օր էլ կարող ենք կարդալ եւ լսել, որ ոմանք կոչ են անում հարգել Արցախ վերադառնալ ցանկացող ադրբեջանցիների իրավունքները...
Սրանք մտորելու լուրջ հարցեր են եւ մեր հասարակության առողջ հատվածը այս խնդիրներին պետք է ավելի քան լուրջ ուշադրություն դարձնի: Հակառակ դեպքում հետ շատ ուշ է լինելու:
Հակոբ Ասատրյան
Top-News.am