Ադրբեջանում չեղարկվել են Նովրուզի տոնակատարությունները, խորհուրդ է տրվել հետաձգել հարսանիքները
Ադրբեջանում կառավարության որոշմամբ չեղարկվել են մարտին Բաքվում և երկրի այլ տարածքներում Նովրուզ տոնի կապակցությամբ տեղի ունենալիք ավանդական տոնակատարությունները: Այս մասին ասվում է կառավարությանը կից օպերատիվ շտաբի հաղորդագրությունում, գրում է minval.az–ը:
Շտաբը, հիմք ընդունելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ քննարկումը, խորհուրդ է տալիս հետաձգել զանգվածային միջոցառումները, այդ թվում՝ հարսանիքներն ու հոգեհանգստի արարողությունները:
«Վարակի տարածումը կանխելու նպատակով կրկին կոչ ենք անում քաղաքացիներին խուսափել մարդաշատ վայրերից, խուսափել արտասահման մեկնելուց և, անհրաժեշտության դեպքում, հնարավորինս հետևել կանխարգելիչ միջոցներին (բժշկական դիմակ, անվտանգության հատուկ ակնոցներ կրել, ախտահանիչ միջոցներ օգտագործել և այլն)»,- ասվում է հաղորդագրության մեջ: