Ոստիկանություն. Վերջերս անչափահասների շրջանում նկատվում է բացասական և մտահոգիչ մի դրսևորում
Թեև Հայաստանում նվազել են անչափահասների կողմից մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերը, այդուհանդերձ, վերջերս անչափահասների շրջանում նկատվում է բացասական և մտահոգիչ մի դրսևորում։ Նման մտահոգություն է հայտնել ոստիկանությունը։
Ըստ իրավապահ այս մարմնի, միջոցառումներով անչափահասների մոտ հայտնաբերվել են դանակներ, կռփազենքեր ու տարբեր տեսակի սուր-կտրող-ծակող գործիքներ։ Նման իրեր կրող անչափահասները հայտնաբերվել են հասարակական վայրերում, մետրոյի կայարաններում։ Առավել մտահոգիչ է, երբ անչափահասը դանակով գնում է դպրոց։
«Ոստիկանությունը ձեռնարկում է տարբեր միջոցառումներ՝ անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների կանխման և նրանց մոտ պահվող սառը զենքերը հայտնաբերելու ուղղությամբ։
Կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում նաև ուսումնական հաստատություններում։
Ոստիկանությունը շարունակելու է կանխարգելիչ միջոցառումները, սակայն չենք հասնի ցանկալի արդյունքի առանց ծնողների ու մանկավարժների օգնության։
Հարգելի՛ ծնողներ ու մանկավարժներ, ուշադի՛ր եղեք երեխաների նկատմամբ, խոսե՛ք նրանց հետ, լսե՛ք խնդիրներն ու օգնե՛ք նրանց։ Անհրաժեշտության դեպքում դիմեք նաև ոստիկանության անչափահասների գործերով կամ դպրոցական տեսուչներին։ Միասին անենք ամեն ինչ՝ մեր երեխաների անվտանգ մանկությունն ապահովելու համար»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։