Հայաստանը, Չիպոլինոյի բարեկամ քեռի Դդումը եւ սպիտակ նիվաները (Տեսանյութ)
Իրական Հայաստանի մասին պատկերացում կազմելու համար կառավարության որոշումներին ծանոթանալը, ԱԺ աշխատանքներին հետեւելը, նախագահի հրամանագրերն ուսումնասիրելը եւ քաղաքական գործիչների հայտարարություններին հետեւելը բավարար չէ: Հայաստանի մասին պատկերացում կազմելու համար բավարար չէ նաեւ վերլուծություններ կամ զեկույցներ կարդալը: Իրական Հայաստանը թաքնված է բոլորովին այլ տեղ: Իրական Հայաստանը կերտում են մանր ու միջին պաշտոնյաները, թաղային հեղինակությունները, սպիտակ նիվաներով տղաները եւ նրանցով հիացող եւ նրանց սնող եւ աճեցնող հասարակությունը:
Երեւանի թաղամասերից մեկում ամիսներ առաջ սկսում է քանդվել հիսունականներին կառուցված հողաշեն տան մի մասը: Տան տերերն աղետից խուսափելու համար քանդում են հազիվ երեք-հինգ չափսի սենյակը եւ սկսում կառուցել նորը:
Դեռ աշխատանքները չսկսված հայտնվում են մանր ու միջին պաշտոնյաները՝ հայտարարելով, թե կառույցն ապօրինի է, ակնարկելով, որ իրենց պետք է «նայեն»: Տան տերերը որոշում են գնալ օրինական ճանապարհով: Անում են այն, ինչ սահմանված է օրենքով: Շինարարությունը դեռ չի սկսվել, բայց արդեն վճարել են մոտ 850 հազար դրամ, փակցրել այն պաստառը, որի վրա գրված է՝ Բարեկարգ Երեւան: Առաջիկայում պատրաստվում էին շինհրապարակի համար, որի լայնությունը չի կարող ավելին լինել, քան 90 սմ-ն:
Ակամա հիշում ես Չիպոլինոյի բարեկամ քեռի Դդումի տան, ավելի ճիշտ` տնակի պատմությունը: Գրեթե ոչ մի տարբերություն:
Ի դեպ, այս ընթացքում փոքրիկ սենյակ կառուցելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացուն շարունակում են այցելել տարբեր հաստավիզ պաշտոնյաներ, ակնարկելով, թե օրինական վճարումները կապ չունեն, եւ որ իրենց եւս «պետք է նայեն»:
Այս ամենի մասին պատմելուց եւ վճարումների կտրոնները ցույց տալուց հետո տան տերը հայտարարեց՝ եղբայր, հիմա մտածում եմ երեխաներիս այս երկրից փախցնելու մասին:
Համոզում ենք, որ արտագաղթի մասին չի կարելի մտածել, եւ որ պետք է ամեն ինչ անել, որ մեր երկիրն ավելի լավը դառնա: Հրաժեշտ ենք տալիս եւ բառիս բուն իմաստով մեկ-երկու րոպե անց ականատես ենք լինում հետեւյալ միջադեպին:
Սպիտակ նիվան կտրում է փոքրիկ ավտոմեքենայի ճանապարհը: Նիվայի վարորդը իջնում է ավտոմեքենայից, բացականչում՝ արա էս ավտոմեքենան չճանաչեցի՞ք, եւ անակնկալ հարվածում երիտասարդ վարորդի գլխին այնպիսի ուժգնությամբ, որ նա տապալվում է գետնին: Բարեբախտաբար անցորդները եւ հարակից տների բնակիչների օգնությամբ գործը սպանության չի հասնում: Իսկ սպիտակ նիվայի մոտ 30-35 տարեկան վարորդը շարունակում էր բղավել՝ արա դուք ավտոմեքենան չճանաչեցիք: Ուշադրություն դարձրեք՝ ոչ թե իրեն, այլ ավտոմեքենան:
Դաժան եւ տխուր տեսարան, որի ժամանակ մտածում էի, թե ինչ լավ է, որ այս ամենին ականատես չեղավ այն ՀՀ քաղաքացին, որը քիչ առաջ խոսում էր երեխաներին այս երկրից հեռացնելու մասին:
Լուսանկարում պատկերված նիվան կապված չէ այս պատմության, բայց կապված է մեկ այլ «դեբոշի» հետ
Top-News.am