Բարի գալուստ համաճարա՞կ
Փետրվարի 27-ի օրվա կեսի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով կամ covid-19-ով վարակվածների թիվը հասել է 82 հազար 178-ի: Մահացել է 2 հազար 800 մարդ, բուժվել՝ 32 հազար 885-ը, իսկ մնացածի կյանքի համար բժիշկները դեռ պայքարում են: Վիրուսը չի նահանջում կամ դեռ չի նահանջում: Վերջին մեկ օրում վարակակիրների թիվն ավելացել է մոտ երկու հազարով:
Աշխարհը լուրջ միջոցառումներ է իրականացնում վտանգավոր վիրուսին դիմակայելու համար, իսկ Հայաստանում ինչպես միշտ այս ամենին մատների արանքով են նայում:
Հարեւան Իրանում զոհերի թիվը հասել է 15-ի, բայց այս երկրի հետ սահմանը կիսաբաց է, գուցե հասկանալի պատճառներով:
Լայն բացված է Վրաստանի հետ սահմանը, որտեղ արդեն վարակակիր է հայտնաբերվել, բայց ամենահետաքրքիրն այն է, որ շարունակվում են թռիչքները դեպի Իտալիա, հատկապես Միլան, որտեղ կյանքը կաթվածահար է եղել: Իտալիայի հյուսիսում անգամ համերգներն ու ֆուտբոլային հանդիպումներն են հետաձգվել, բոլոր տեսակի զանգվածային միջոցառումները:
Ռուսաստանի իշխանություններն իրենց քաղաքացիներին հորդորել են ձեռնպահ մնալ Իտալիա, Հարավային Կորեա եւ Իրան մեկնելուց, իսկ ՀՀ իշխանությունները բավարարվել են միայն Իրանի սահմանը կիսափակելով եւ մեր քաղաքացիներին Իրան մեկնելուց հրաժարվելու խորհրդով:
ՀՀ կառավարությունը նախանձելի անտարբերություն եւ սառնասրտություն է ցուցաբերում այս հարցում, իսկ Իրանում վարակվածների թիվը մոտենում է հարյուրի, Հարավային Կորեայում մահացել է 11 հոգի, իսկ Իտալիայում հիվանդների թիվը մոտենում է երեք հարյուրի:
Մեծ է հավանականությունը կորոնավիրուսով վարակվելու այս երկրներ այցելելու, այս երկրից ժամանածների հետ հանդիպելու դեպքերում: Ֆրանսիայում էլ արդեն իսկ արձանագրվել են առաջին մահվան դեպքերը:
Իսկ ինչ է անում ՀՀ կառավարությունը: Մերոնք զբաղված են ժողովրդի ճնշող մեծամասնությանը չհուզող եւ չհետաքրքրող հանրաքվեով, դրամահավաքով կառավարող կուսակցության համար: Փոխարենը դեղատներում բավարար քանակի անգամ դիմակ չկա, հեռուստատեսությամբ, ռադիոյով, մամուլով ոչ մի մասնագետ որեւէ խորհուրդ չի տալիս, չհաշված դիլետանտական մակարդակի կոչերը:
Չինաստանից ապրանքների հոսքը Հայաստան շարունակվում է: Սա գաղտնիք չէ, իսկ այնտեղ վարակվածների թիվը 79 հազար է, իսկ զոհերինը՝ 2 հազար 715:
Օրինակ, ՌԴ իշխանությունները մարդկանց պաշտոնական մակարդակով անհրաժեշտ խորհուրդներ են տալիս: Այսպես, սննդի կետերին հրահանգվել է սպասքը լվանալ առնվազն 1.5 ժամ, իսկ անձնակազմը լինի բացառապես բժշկական դիմակներով, իսկ սրահները դեսինֆեկցիայի ենթարկել:
Ռուսաստանում հիվանդանոցներում կարանտինային վիճակ է: Հայաստանում այս առումով որեւէ քայլ չի արվում: Ոչ հրահանգներ սննդի կետերին, ոչ բնակչությանը, ոչ էլ հիվանդանոցներն են խստացված ռեժիմով աշխատում:
Ռուսաստանցիները հրաժարվում են նաեւ Իտալիայի ուղեգրերից, իսկ մեզ մոտ շարունակվում է դեպի Հռոմ եւ Միլան հիսուն եվրոյանոց տոմսերի գովազդը ամենաբարձր մակարդակով: Այնպիսի տպավորություն է, որ ՀՀ կառավարությունը հումորով է վերաբերում կորոնավիրուսին եւ նրա մասին հրապարակումներին:
Վարակվածներ կան նաեւ Դուբայում, բայց այս երկիր գնացողների եւ եկողների նկատմամբ նույն վերաբերմունքն է ինչ մինչ այժմ: Գուցե ՀՀ իշխանությունները այս վիրուսի մասին այնպիսի տեղեկություն ունեն, որի մասին անտեղյակ են մյուս երկրներում: Այդ դեպքում անհրաժեշտ է բարձրաձայնել, թե չէ կստացվի, որ վիրուսը եւ հակավիրուստ ստեղծվել է հենց Հայաստանում:
Աշխարհում գլուխ են ջարդում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար: Լուրջ առաջընթաց է նկատվում Չինաստանում, Իրանում եւ ԱՄՆ-ում: Հայաստանում ոչ լրջորեն դիմակայում են այս վիրուսին, ոչ էլ գումար հավաքում կամ գտնում հակավիրուս ստեղծելու համար: Մենք ավելի կարեւոր գործերով ենք զբաղված:
Հակոբ Ասատրյան
Top-News.am