Վեց ամսում 16 հազար դոլար պարգեւավճար ստացած նախարարը խոսում է դատավորների վարքագծի կանոններից
Նախարար նշանակվելուց հետո ձեռնամուխ եմ եղել Դատաիրավական եւ Հակակոռուպցիոն բարեփոխումների ռազմավարությունների մշակմանը, որոնցում ամրագրվել են խորքային խնդիրներ ոչ միայն դատական, այլեւ իրավապահ, պետական կառավարման համակարգերում: Այս մասին այսօր, Ազգային ժողովում հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ, հայտարարել է ՀՀ արդարադատության 28-ամյա նախարար Ռուստամ Բադասյանը:
Դատաիրավական, հակակոռուպցիոն բարեփոխումներ մշակող նախարարը, որ դեռ նոր-նոր է մեծ կյանք մտնում, ընդամենը կես տարում ստացել է 16 հազար ԱՄՆ դոլարին համարժեք պարգեւավճար:
Ավելին, այս երիտասարդը խոսում է դատավորների վարքագծի կանոնների մշակման մասին: Վայ այն երկրի դատական համակարգին, որի վարքագծի կանոնները մշակելու է 28 տարեկան մի տղա, որն ինքն իրեն թույլ է տալիս ոչինչ չանելու համար ստանալ 16 հազար դոլարի պարգեւավճար, այն էլ կես տարում:
Ի՞նչ է սա եթե ոչ ամենասովորական ծաղր ՀՀ քաղաքացու եւ Հայաստան պետության հանդեպ: Մի երկրում, որտեղ բնակչության մի ստվար զանգվածը ստիպված արտագնա աշխատանքի է մեկնում, մի այլ ստվար զանգված վարկերի տակ կքած առաջ շարժվում 28 տարեկան մի տղա ստանում է ամիսը միջին հաշվով 2,666 դոլար պարգեւավճար եւ դեռ խոսում հակակոռուպցիոն ծրագրերից:
Աննա Բաղդասարյան
Top-News.am