50 եվրոյով Հռոմ գնացող-եկողների երկիրը
Նիկոլ Փաշինյանը սիրում է վիճակագրություն, ավելին, ոմանք արդեն սկսել են մտածել, որ նա համոզված է, որ մարդիկ ապրում են հենց այդ թվերի հրապարակմամբ: Եւ երբ Փաշինյանն ասում է, թե ՀՀ քաղաքացին կարող է 50 եվրոյով գնալ Հռոմ, շաբաթ-կիրակի անել եւ հետ գալ Հայաստան, սկսում ես մտածել, որ կամ դու տեղյակ չես իրականությունից կամ՝ նա:
Իհարկե, լավ է, որ կան ավիաընկերություններ, որոնք էժան գներով մարդկանց տեղափոխում են Հռոմ կամ Մյունխեն: Բայց ամենակարեւոր հարցն այն է, թե ՀՀ քաղաքացիների որ մասն իրեն կարող է թույլ տալ շաբաթ-կիրակիներն անցկացնել Իտալիայում, երբ շատերն անգամ իրենց երեխաներին Էջմիածին, Գառնի կամ Գեղարդ չեն կարողանում տանել, երբ իջեւանցին կամ կապանցին Երեւան հասնելու համար հազար անգամ ուսումնասիրում է ընտանեկան բյուջեն:
Ի դեպ, մենք փոքրիկ հարցախույզ անցկացրինք եւ շատ հետաքրքիր պատկեր ստացվեց: Հարցման մասնակիցների 89 տոկոսը նշել է, որ չի օգտվել հիսուն եվրոյանոց տոմսերից, ավելին, երազում է գոնե Տաթեւ գնալու մասին:
Սա դեռ հարցի մի կողմն է: Ենթադրենք կան մարդիկ, որոնք կարող են իրենց թույլ տալ Հռոմ գնալ, այնտեղի օդանավակայանից հասնել Իտալիայի մայրաքաղաք, այնտեղ սնվել, գիշերն անցկացնել հյուրանոցում, բայց ո՞վ է երաշխավորելու, որ նրանք մուտքի վիզա կստանան:
Արդեն այսօր ՀՀ որոշ քաղաքացիներ բախվում են այս խնդրին եւ դեռ երկար ժամանակ կբախվեն: Իսկ ամենակարեւորն այն է, որ երբ վարչապետը նման հայտարարություն է անում, պետք է դրանից առաջ մեկ այլ հայտարարություն անի, թե քանի իջեւանցի, ալավերդցի կամ մեղրեցի իրենց կարող են թույլ տալ շաբաթ-կիրակին անցկացնել Երեւանում կամ քանի երեւանցի իրենց կարող են թույլ տալ շաբաթ-կիրակին անցկացնել Ալավերդիում, Կապանում կամ Իջեւանում:
Հակոբ Ասատրյան
Top-News.am