Վերաքննիչը բավարարել է Արմեն Գեւորգյանի պաշտպանի բողոքը. նրա ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը վերացվել է
Վերաքննիչը դատարանը բավարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանի պաշտպանի բողոքը. նրա ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը վերացվել է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Գեւորգյանի շահերի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազության անգործության դեմ բերված բողոքը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի՝ 10.12.2019թ. որոշման դեմ ներկայացված իմ վերաքննիչ բողոքը, որոշեց՝ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի վերաքննիչ բողոքը բավարարել, թիվ ԵԴ/0749/11/10 գործով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2019թ. դեկտեմբերի 10-ի որոշումը բեկանել՝ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնել Արմեն Գեւորգյանի իրավունքների խախտումը:
Ավելի վաղ՝ ես Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանս Արմեն Գեւորգյանին ՀՀ սահմանը հատելը չթույլատրելու կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էի ներկայացրել, որով խնդրել էի իրավական գնահատականի արժանացնել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության գործողությունները, իսկ քրեական գործ հարուցելու առիթի օրինականության եւ հիմքերի բավարար լինելու դեպքում՝ հարուցել քրեական գործ:Սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը այնուհետեւ՝ նաեւ առաջին ատյանի դատարանը գտել էին, որ իմ կողմից ներկայացված հաղորդումը վերացական է եւ չի պարունակում կոնկրետ տվյալներ հանցագործության հատկանիշների մասին:
Սակայն ինչպես վերը նշվեց, վերադաս ատյանը իրավացիորեն գտավ որ իմ կողմից ներկայացված հաղորդում է ոչ թե վերացական բնույթ է կրել, այլ պարունակել է տվյալներ հանցագործության հատկանիշների մասին»: