ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի առաքելությունն աշխատանքի չգնալը, բայց միաժամանակ բարիքներից օգտվելն է. Դավիթ Հարությունյան (տեսանյութ)
Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի առաքելությունն աշխատանքի չգնալը, բայց միաժամանակ բարիքներից օգտվելն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
Ինչ վերաբերում է իրենց առաքելությունն ու պետության առջև պարտքը գիտակցող ՍԴ մյուս դատավորներին, բանախոսը նկատեց՝ վերջինները ոչ թե պայքարում են, այլ ընդամենը կատարում են իրենց առաքելությունը։
«Գրեթե բոլորին ճանաչում եմ՝ անձամբ։ Չեմ կարծում, որ նրանցից որևէ մեկը կընկրկի»,- նշեց նախկին նախարարը։
Անդրադառնալով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքին՝ Հարությունյանն ասաց, որ ԿԸՀ-ն մշտապես պրոֆեսիոնալ է գործել, և այն քննադատությունները, որոնք Նիկոլ Փաշինյանի ընդդիմություն եղած ժամանակ հնչել են 2013-2017 թվականներին, եղել են անհիմն։
Նրա խոսքով՝ դրանք եղել են քաղաքական հնարքներ, ինչպես եղել են բազմաթիվ այլ քննադատություններ՝ տարբեր ուղղություններով:
«Այն ժամանակ օգտագործել են հանրային հույզերը, խաղացել են հանրային տրամադրությունների վրա։ Կարծում եմ՝ այն ժամանակ էլ է ԿԸՀ-ն գործել պրոֆեսիոնալ, հիմա էլ շարունակելու է նույն կերպ։ Միակ խնդիրն այն է, որ այս հակասահմանադրական վիճակում շատ դժվար է լինելու գործել պրոֆեսիոնալ՝ չխախտելով որևէ օրենք», - ասաց բանախոսը։