Էրդողանը շնորհավորել է Իլհամ Ալիևին խորհրդարանական արտահերթ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևին և շնորհավորել խորհրդարանական ընտրություններում վերջինիս գլխավորած կուսակցության հաղթանակի առթիվ, հայտնում է РИА Новости-ն:
Ինչպես արդեն հայտնել էինք՝ Ադրբեջանի իշխող «Ենի Ադրբեջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունը կիրակի անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ստացել է ձայների մեծամասնությունը և հաղթանակ տարել:
Ըստ ընտրություններից հետո հրապարակված հարցման արդյունքների՝ «Ենի Ադրբեջան» («Նոր Ադրբեջան») իշխող կուսակցությունը, որը գլխավորում է երկրի նախագահ Իլհամ Ալիևը, կարող է խորհրդարանի նոր կազմում ամենից շատ պատգամավորական մանդատներ ստանալ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 5-ին ստորագրել էր Միլլի մեջլիսի (խորհրդարան) 5-րդ գումարման կազմի լուծարման մասին հրամանագիրը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելով փետրվարի 9-ին:
Լուծարման մասին որոշման նախաձեռնությունը պատկանում է խորհրդարանական մեծամասնությանը, որի կարծիքով՝ Միլի մեջլիսը չի դիմանում երկրի ղեկավարի առաջադրած խնդիրների և բարեփոխումների իրագործման բարձր տեմպին և չի կարող արդյունավետ կերպով կատարել իր գործառույթները: