Չեխ ծրագրավորողները 2 օրում ստեղծել են անվճար կայք, որի համար կառավարությունը պատրաստվում էր 16 մլն եվրո ծախսել
Չեխիայում մի խումբ ծրագրավորողներ անվճար ստեղծել և կառավարությանն են հանձնել մի ծառայություն, որը ստեղծելու պատվերը մեկ այլ ընկերություն էր ստացել: Ծրագրավորողները դա արել են ի նշան Տրանսպորտի նախարարության կողմից գումարների վատնման դեմ բողոքի: Ծրագրավորողների համոզմամբ՝ նախարարությունը չարդարացված բարձր գնով պայմանագիր է կնքել:
Այս պատմությունը հասել է մինչև վարչապետ, ինչից հետո նա աշխատանքից հեռացրել է տրանսպորտի նախարարին, գրում է tjournal.ru-ն:
Ամեն ինչ սկսվել է վճարովի արագընթաց ավտոմայրուղիներով անցնելու համար էլեկտրոնային թույլտվությունների վաճառքի ծառայության ստեղծման համար տենդերից: 16 մլն եվրո արժողությամբ պետպատվերը ներառել է ինտերնետ խանութի, ինչպես նաև iOS-ի ու Android-ի համար նախատեսված երկու հավելվածի ստեղծում:
Տեղեկանալով այս մասին՝ Actum Digital ընկերության սեփականատեր Թոմաշ Վոնդրաչեկը տենդերն «անհեթեթ» է որակել՝ հավելելով, որ այս աշխատանքը կարելի է մի քանի օրում անել:
Նա տեղի ծրագրավորողներին առաջարկել է միավորվել ու պետպատվերի համարժեքը ստեղծել: Առաջարկին արձագանքել է ավելի քան 300 չեխ ծրագրավորող, սակայն բուն աշխատանքին միացել է 60 մարդ: Երկու հանգստյան օրվա ընթացքում նրանք ստեղծել են fairznamka.cz հարթակը, որը համապատասխանել է 16 մլն եվրո արժողությամբ ծառայության գրեթե բոլոր պահանջներին:
Հունվարի 27-ին կայքն աշխատել է թեստային ռեժիմով: Ծրագրավորողները կայքն անվճար հիմունքներով նվիրել են կառավարությանը՝ կոչ անելով այսուհետ ավելի խնայող լինել պետական միջոցները ծախսելու հարցում: