Ոսկերչական իրերի համաշխարհային պահանջարկը 2019 թվականին նվազել է 6 տոկոսով
2019 թվականին ոսկերչական իրերի համաշխարհային պահանջարկը նախորդ տարվա համեմատ նվազել է 6 տոկոսով եւ կազմել 2,107 տոննա։ Այս մասին վկայում է Ոսկու համաշխարհային խորհրդի (World Gold Council, WGC) «Ոսկու պահանջարկի դինամիկան» հաշվետվությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
2019 թվականի չորրորդ եռամսյակում այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 10 տոկոսով՝ կազմելով 584,5 տոննա։ Ոսկերչական իրերի, ինչպես նաեւ ոսկու ձուլակտորների պահանջարկի կրճատումը նպաստել է ոսկու պահանջարկի անկմանը անցած տարվա հոկտեմբեր- դեկտեմբերին, նշում են WGC փորձագետները։ Այսպես, ոսկու համաշխարհային պահանջարկը չորրորդ եռամսյակում նվազել է 19 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ կազմելով 1,045 տոննա, ընդհանուր սպառողական պահանջարկը տարեկան կտրվածքով նվազել է 11,4 տոկոսով՝ կազմելով 825 տոննա։
Ոսկու գինը անցած տարվա հոկտեմբեր-դեկտեմբերին կազմել է մեկ ունցիան միջինը 1,481 դոլար, ինչն ամենաբարձր միջին եռամսյակային ցուցանիշն է 2013 թվականի առաջին եռամսյակից սկսած, նշում է WGC-ն։ «Ոսկու գները տարբեր արժույթներով, ներառյալ եվրոն, հնդկական ռուփին եւ թուրքական լիրան, պատմության մեջ հասել են ամենաբարձր մակարդակի»,- նշվում է հաշվետվությունում։
Ոսկու բարձր գները 2019 թվականի երրորդ եւ չորրորդ եռամսյակներում սպառողների պահանջարկի նվազման պատճառ են դարձել (ընդհանուր սպառողական պահանջարկը նվազել է գրեթե 11 տոկոսով՝ 2,978 տոննա), նշել է WGC-ի շուկայի հետազոտողների խմբի ղեկավար Լյուիս Սթրիթը։ Նա նաեւ նշել է, որ ոսկու երկու ամենամեծ սպառողական շուկաներում՝ Հնդկաստանում եւ Չինաստանում, բացի արժութային էֆեկտից, նկատվում է ավելի դանդաղ տնտեսական աճ, ինչը նույնպես ազդել է ավելի ցածր սպառողական պահանջարկի վրա։
«Սակայն հետաքրքրիր է նաեւ պահանջարկը դիտարկել արժեքային արտահայտությամբ. օրինակ, 2019 թվականին դոլարով ոսկերչական իրերի պահանջարկն ավելացել է 3 տոկոսով։ Այսպիսով, գումարը, որը սպառողները պատրաստ էին ծախսել ոսկերչական զարդերի վրա, փաստորեն ավելացել է, դա այն է, ինչը նկատի չի առնվում պահանջարկի ծավալների մասին հաշվետվություններում»,- ավելացրել է փորձագետը։
Վերլուծաբանի կարծիքով՝ ոսկու գների մակարդակը եւ դրանց տատանողականությունը կշարունակեն ազդել սպառողական պահանջարկի վրա նաեւ 2020 թվականին։ «Չինաստանում ոսկերիչները կշարունակեն ստեղծել նոր ապրանքներ, որպեսզի գրավեն տարբեր տարիքային խմբերի գնորդներին, ինչը պետք է օգնի պահանջարկը պահելուն։ Հնդկական շուկայում մտցվել է պարտադիր մակնշում, որը պետք է բարձրացնի վստահությունը ոսկյա զարդերի նկատմամբ»,- ասել է Լյուիս Սթրիթը՝ նշելով, որ համաձայն WGC հետազոտությունների արդյունքների՝ ճյուղի հանդեպ վստահությունը բարձրացնող ցանկացած քայլ պետք է դրական լինի ոսկու պահանջարկի համար։
Լուրեր Հայաստանից - NEWS.am