Պաուլո Կոելիոն ջնջել է իր նոր գրքի սևագիրը, որի վրա աշխատել էր լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթի հետ համատեղ
Բրազիլացի գրող Պաուլո Կոելիոն ջնջել է մանկական գրքի սևագիրը, որը նա գրում էր լեգենդար բասկետբոլիստ Քոմի Բրայանթի հետ համատեղ, հաղորդում է AP-ն:
Նշվում է, որ Կոելիայի «Ալքիմիկոսը» Բրայանթի սիրելի գիրքն էր: Համատեղ գիրք գրելու գաղափարը նրանց մոտ հայտնվել էր դեռ 2016-ին, իսկ այդ ուղղությամբ աշխատանքներ էին սկսել կատարել միայն ամիսներ առաջ: Այժմ, գրողի կարծիքով, առանց համահեղինակի գիրքը հրապարակելու որևէ իմաստ չկա:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Կալիֆոռնիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 9 զոհերի թվում է եղել նաև բասկետբոլիստ Քոբի Բրայանթը և նրա 13-ամյա դուստրը` Ջիաննա Մարիա-Օնորեն: Ողբերգության հնարավոր պատճառներից է վատ տեսանելիությունը, քանի որ այդ օրը Կալիֆոռնիայում մառախուղ է եղել:
Ուղղաթիռն օդ է բարձրացել Կալիֆոռնիայի Օրինջ շրջանից և ուղևորվել դեպի Թաուզանդ Օքս քաղաք: Ռադարի տվյալների համաձայն` ուղղաթիռը 15 րոպեի ընթացքում Գլենդեյլ քաղաքի վրա 10 պտույտ է կատարել, որից հետո ընկել է Լոս Անջելեսից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կալաբասաս սարի լանջին:
Բրայանթն ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Լոս Անջելես Լեյքերս» ակումբում, որի կազմում Ազգային բասկետբոլային ասոցիացիայի հինգ չեմպիոնական տիտղոսի է արժանացել:
Բասկետբոլիստը մարզական կարիերան ավարտել է 2016 թվականին, որից հետո մանկական պատմվածքների ժողովածու և մի քանի գիրք է հեղինակել, որում պատմել է կարիերայի դժվարությունների մասին: