Իմ քայլը խմբակցության աշխատանքի ամենապերճախոս գնահատականը տվել է Ադրբեջանի նախագահը. Նիկոլ Փաշինյանը գոհ է
Հայաստանի գործող ԱԺ-ի և Իմ քայլը խմբակցության աշխատանքի ամենապերճախոս գնահատականը տվել է Ադրբեջանի նախագահը, ով լուծարել է իր երկրի խորհրդարանը՝ ընդունելով, որ այն չի համապատասխանում ժամանակակից պահանջներին: Այս մասին Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանի նախագահը խնդիր է դրել, որ Ադրբեջանի խորհրդարանում պետք է լինեն երիտասարդ մարդիկ, ում կրթական ցենզն ավելի բարձր կլինի, ովքեր միջազգային ատյաններում ավելի հաղորդակցվող ու ընկալելի կլինեն: Այս պահանջն առաջացել է Հայաստանի խորհրդարանական մեծամասնության գործունեությանը հետևելու արդյունքում, Հայաստանի միջազգային իմիջի փոփոխության արդյունքում: Սա է գնահատականը»,-ասաց նա:
Փաշինյանի խոսքերով, այսօրվա խորհրդարանի մեծամասնությունն ինտելեկտուալ մակարդակով չի կարելի համեմատել նախորդ խորհրդարանի մեծամասնության հետ. «Համեմատության եզր անգամ չկա»:
Ինչ վերաբերում է խորհրդարանական հնարավոր արտահերթ ընտրություններին, Փաշինյանն ասաց, որ այդ մասով Սահմանադրությունում կոնկրետ մեխանիզմներ կան, դա քմահաճույքի հարց չէ, նախադրյալներ պետք է լինեն, դա խաղ ու պար չէ. «Մենք ժողովրդավարական երկիր ենք, կան հակակշիռների ու փոխզսպման մեխանիզմներ:
Իմ կանխավարկածն այն է, որ մենք կունենանք հերթական ընտրությունները: Բայց մենք նախորդ իշխանության նման չենք, որ որևէ բան բացառենք, քաղաքական պրոցես է, եթե դրա անհրաժեշտությունը կլինի, կլինի: Բայց իմ կանխավարկածն այն է, որ մենք գնում ենք դեպի հերթական ընտրություններ: Իսկ այն բոլոր ուժերը, որոնք «թեժ աշուն» ռեժիմի մեջ են, սովորական ինքնաոչնչացմամբ են զբաղված»: