Հեղաշրջման փորձ Հայաստանում չի եղել և չի էլ կարող լինել (տեսանյութ)
«Հեղաշրջում բառը ճիշտ չէ օգտագործել. ռևանշի փորձեր են եղել և այդ փորձերի ողնաշարը ջարդված է»,-այս մասին Կապանում լրագրողների հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հեղաշրջման փորձ ՀՀ-ում չի եղել և չի էլ կարող լինել, եղել է հիբրիդային հեղաշրջման երազանք, նախապատրաստություն, երազախաբություն: Ինչ ուզում եք ասեք, բայց պետական հեղաշրջման փորձ ՀՀ-ում չի եղել և չի էլ կարող լինել»,-նշեց Փաշինյանը:
Անդրադառնալով հարցին, թե մի քանի ամիս առաջ պաշտոնանկ եղած Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության պետերն այդ փորձերի հետ կապ ունեցել են, և արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը մտավախություն չունի, որ Արթուր Վանեցյանը կարող է խոսել, Փաշինյանն ասաց.
«Ես նման եմ մի մարդու, որն այդօրինակ մտավախություն ունի»:
Հարցին պատասխանելիս՝ վարչապետը «Կարգին հաղորդումից» մի դրվագ հիշեցրեց.
«Էն, որ գալիս ասում է՝ ես ամեն ինչ գիտեմ, հետո գալիս ասում է՝ ամե՛ն, ամե՛ն ինչ գիտեմ, հետո հայտնվում է հիմար վիճակում: Հիմա, բոլոր նրանք, ովքեր ասում են ամեն-ամեն ինչ գիտեն՝ հերթական նման օրինակ սկեչի հերոսներ են»,-նշեց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հաղորդման այդ դրվագում կարող են գտնել նաև պատասխանը, արդյո՞ք թվարկած նախկին պաշտոնյանները ռևանշի կամ հիբրիդային հեղաշրջման փորձի հետ կապ ունեցել են, թե ոչ: