Իշխող «Իմ քայլը» դաշինքը փորձում է խափանել օրինագծերի քննարկումը խորհրդարանում
Իշխող «Իմ քայլը» դաշինքը ՀՀ Ազգային ժողովի հունվարի 24-ի նիստի ընթացքում մի քանի անգամ փորձել է սադրել խորհրդարանական ընդդիմությանը՝ հանձին «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ դրանով իսկ խախտելով խորհրդարանի աշխատանքի բնական ընթացքը, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։
Խորհրդարանականները սովորական ռեժիմով հանգիստ ու կառուցողական ոճով քննարկում էին Ազգային ժողովի օրակարգում նշված օրենսդրական նախաձեռնությունները, եւ ոչինչ չէր հուշում կոնֆլիկտի մասին, մինչեւ որ կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մարիա Կարապետյանը հանդես եկավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար եւ նրա խորհրդարանական խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանի քննադատությամբ, որը նախօրեին մեղադրել էր խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանին այն բանում, որ նա, ըստ էության, չի ապահովում Ազգային ժողովի բնական աշխատանքը։
Չնայած կառավարող դաշինքի պատգամավորները դեռ երեկ անձնուրաց պաշտպանել էին խորհրդարանի ղեկավարին եւ «չէին թողել, որ նրան նեղացնեն», Կարապետյանն, ամենայն հավանականությամբ, համարել էր, որ դա քիչ է ու որոշել էր անձամբ հանդես գալ Միրզոյանի հավելյալ պաշտպանությամբ եւ ընդդիմադիր գործընկերների քննադատությամբ։ Բայց եւ այնպես, «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները Կարապետյանի ելույթին այնքան էլ ուշադրություն չդարձրին, եւ քննարկումները շարունակվում էին սովորական ռեժիմով։
Տեսնելով ընդդիմադիր գործընկերների պասիվությունը՝ Կարապետյանը դուխը չկորցրեց եւ չալարեց երկրորդ անգամ խոսք վերցնել, մոտենալ ամբիոնին եւ քննադատել Մարուքյանին՝ այն հույսով, որ «Լուսավոր Հայաստանից» գոնե մեկը կարձագանքի նրա ելույթին։ Արդյունքում՝ նրան, թեեւ ոչ անմիջապես, հաջողվեց գրավել «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի ուշադրությունը, որը մոտեցավ ամբիոնին եւ պահանջեց հետեւել կոռեկտությանն ու ընդդիմությանը չսովորեցնել ինչպես աշխատել եւ ինչ անել, քանի որ դա չի մտնում կառավարող դաշինքի լիազորությունների շրջանակի մեջ։ Գորգիսյանի ելույթից հետո հանդես եկան կառավարող «Իմ քայլը» դաշինքի մի քանի կին պատգամավորներ, մասնավորապես՝ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։ Ամենայն հավանականությամբ, «Իմ քայլը» որոշել է ամեն կերպ խափանել խորհրդարանի աշխատանքը, թեեւ այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու։