Նա, ով խնդիրներ ունի Ռուսաստանի հետ, չի կարող հրաժարվել Թուրքիայի հետ հարաբերություններից
Ամիսներ շարունակ Էրդողանը սրում էր Եվրոպայի ու Գերմանիայի հետ հարաբերությունները։ Չնայած տնտեսական առումով նրա նկատմամբ ճնշումն ավելի է աճում, բայց Թուրքիայի հարցերով գերմանացի փորձագետ Յասար Այդինի կարծիքով Եվրոպային դա շատ չի օգնի։ «Նա, ով խնդիրներ ունի Ռուսաստանի հետ, չի կարող հրաժարվել Թուրքիայի հետ հարաբերություններից»,- հայտնել է Այդինը Focus-ին տված հարցազրույցում։
«Էրդողանը գտնվում է ներքին ու արտաքին քաղաքական ճնշման տակ։ Սակայն նա գիտի՝ այն պահից սկսած, երբ Ռուսաստանը էքսպանսիայի կուրս է վերցրել արտաքին քաղաքականությունում, ճնշման տակ է հայտնվել նաեւ ՆԱՏՕ-ն։ Ուկրաինական ճգնաժամը չափից ակնհայտ ցուցադրեց դա ՝ բացի դրանից Ռուսաստանը ագրեսիվ է նույնիսկ Եվրոպայի նկատմամբ։ Թուրքիայի նախագահի ուշադրությունից չէ ր կարող վրիպել նաեւ այն փաստը, որ Եվրոպան հիմա շրջադարձային ժամանակներ է ապրում՝ հենց թեկուզ Բրեքսիթի կամ միգրացիոն ճգնաժամի առումով»,- ասել է Այդինը։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Էրդողանի առաջնահերթ նպատակն է լինելու ինքնահաստատումը, նա ուզում է, որ իրեն լուրջ վերաբերվեն արտաքին քաղաքականության մեջ, համարում է փորձագետը։
«Եվրոպացիների ու ՆԱՏՕ-ի խնդիրն այն է, որ նրանք գիտակցում են Թուրքիայի կախումը եվրոպական տնտեսությունից, սակայն ՆԱՏՕ-ն չունի ոչ մի խաղաքարտ Թուրքիայի դեմ,- ասել է փորձագետը,- Անկարայի դիրքերից ամեն ինչ այլ կերպ է թվում։ Նա, ով Եվրոպայի ու ՆԱՏՕ-ի նման, խնդիրներ ունի Ռուսաստանի հետ, չի կարող առանց Թուրքիայի հետ հարաբերությունների։ Եվրոպացիները շատ են վախենում, որ եթե Թուրքիային հեռանցնեն ՆԱՏՕ-ից, նա միանգամից գործընկեր կգտնի՝ ի դեմս Ռուսաստանի։ Դրա համար էլ Էրդողանը հզոր խաղաքարտ ունի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները»։
Բացի դրանից Եվրոպայում հասկանում են, որ փախստականների հարցով Թուրքիայի հետ գործարքը ընդամենը մասամբ կարելի է դիտարկել որպես Անկարայի վրա ճնշման լծակ։ Եթե այդ գործարքը խզվի՝ «դա կհանգեցնի Եվրոպայում պոպուլիստական կուսակցությունների վարկանիշի աճին»։
Պատասխանելով այն հարցին՝ արդյոք կանցլեր Մերկելը կկարողանա Էրդողանից զիջումների հասնել, մասնավորապես մարդու իրավունքների պահպանման հարցերում, փորձագետն ասել է, որ «նույնիսկ այն ոչ բարյացակամ ձայներանգը, որով Անկարան մերժել է գերմանացի պատգամավորների մուտքը Թուրքիայի տարածքում բունդեսվերի բազա, ցույց է տալիս, որ այս հարցում որեւէ դրական ակնկալիքներ ունենալ չարժե»։ Բացի դրանից, հավելել է նա, «Մերկելին հայտնի է, որ Թուրքիայի հետ հարաբերություններում լարվածության նոր ալիքը՝Բունդեսթագի ընտրությունների նախօրեին, իրեն ավելի շատ կվնասի, քան կօգնի։ Դրա համար էլ նա ընտրություններից առաջ ամենայն հավանականությամբ կփորձի խուսափել Անկարայի հետ նոր հակամարտությունից»։