Ինչպե՞ս օրգանիզմն ապահովել D վիտամինի անհրաժեշտ քանակությամբ
Այս թեմայով
Օրգանիզմում D վիտամինի նորմալ մակարդակը պաշտպանում է շատ հիվանդությունների զարգացումից՝ դեմենցիայից մինչեւ քաղցկեղ: D վիտամինն անհրաժեշտ է նաեւ ոսկորների առողջության, իմունային համակարգի եւ սեռական հորմոնների հավասարակշռված արտադրման համար: Ընդ որում՝ ի տարբերություն B խմբի, ինչպես նաեւ C եւ E վիտամինների, որոնք մենք մշտապես պետք է ստանանք դրսից, մեր օրգանիզմը կարող է D վիտամինն արտադրել ինքնուրույն: Դրա համար նրան անհրաժեշտ է UVB ճառագայթում:
Մասնագետների խոսքով՝ արեգակի լույսի ներքո մենք կարող ենք ստանալ օրգանիզմի D վիտամինի պահանջի 80-ից մինչեւ 90 տոկոսը: Դա օրական գրեթե 20 միկրոգրամ է: Օրգանիզմը միաժամանակ կարող է D վիտամինի ավելցուկը պահել պահուստարաններում, որոնք տեղակայված են լյարդում եւ ճարպային հյուսվածքում: Այդ պաշարները նա օգտագործում է թույլ լուսավորվածության սեզոնին:
Սակայն, չնայած այն հանգամանքին, որ թվում է՝ D վիտամինը հեշտ է ստանալ, մարդկանցից շատերի մոտ նկատվում է դրա պակաս:
Focus.de պորտալը հրապարակել է մի քանի խորհուրդներ այն մասին, թե ինչ կարելի է անել օրգանիզմը D վիտամինի անհրաժեշտ քանակությամբ ապահովելու համար:
Փողոց դուրս եկեք ամեն օր կես ժամ, որպեսզի ցերեկվա լույսն ընկնի գոնե դեմքին եւ թեւերին: Ուլտրամանուշակագույն ճառագայթում կա նույնիսկ ամպամած եղանակին:
Ձու, յուղոտ ձուկ եւ սունկ կերեք, որ բավարարեք D վիտամինի մնացյալ 10-20 տոկոսի պահանջը:
Եթե ձեզ մոտ D վիտամինի պակաս եք կասկածում, կարող եք արյան մեջ դրա պարունակությունը չափել բժշկի մոտ:
Դեֆիցիտի դեպքում բժիշկը կնշանակի D վիտամինով լրացուցիչ դեղամիջոցներ. դա սովորաբար օրական 1000-ից մինչեւ 2000 միավոր է: