Սթիվ Ջոբսի ուռուցքաբանը նշել է մեգապոլիսում առողջ ապրելու համար անհրաժեշտ կանոնները
Ամերիկյան Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսի ուռուցքաբան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Լոուրենս Ջ. Էլիսոնի անվան տրանսֆորմատիվ բժշկության ինստիտուտի հիմնադիր Դևիդ Ագուսը Մոսկվայի քաղաքապետարանի mos.ru կայքին տված հարցազրույցում թվարկել է մեգապոլիսներում առողջության պահպանման համար հիմնական կանոնները:
Բժիշկը խորհուրդ է տվել ժամանակ անցկացնել բնության գրկում, անտառում կամ այգում, ինչպես նաև շատ շարժվել:
«Մենք փաստացիորեն ապրում ենք մկանային կծկումների հաշվին: Այդ պատճառով շարժվելն առողջության համար պարզապես անհրաժեշտություն է»,- ընդգծել է նա:
Ագուսը նաև ընդգծել է հանգստի կարևորության մասին` խորհուրդ տալով օրվա ընթացքում ամենաքիչը կես ժամ տրամադրել դրան: Ըստ նրա` կարդալը կամ պարզապես պատուհանից դուրս նայելն անհրաժեշտ է օրվա ընթացքում կուտակված սթրեսից ազատվելու համար:
Մեգապոլիսում ապրելու ևս մի կարևոր սկզբունք է ռեժիմին հետևելը: Խորհուրդ է տրվում օրական երեք անգամ սնվել: Թեթև նախուտեստը կարող է փոխել օրգանիզմի նյութափոխանակությունը:
«Որպես հետևանք` ավելորդ քաշ է առաջանում, նվազում է ուղեղի ակտիվությունը»,- հստակեցրել է Ագուսը:
Բժիշկը նաև հիշեցրել է, որ անհրաժեշտ է ամեն օր քնել և արթնանալ նույն ժամին: