Առաջիկա երկու օրերին ձյուն է սպասվում. ԱԻՆ
Հայաստանի տարածքում այսօր և առաջիկա գիշերը, հունվարի 25-ի ցերեկը, հունվարի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Վաղը երեկոյան ժամերին առանձին շրջաններում, հունվարի 24-ին շրջանների զգալի մասում, 25-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն:
Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հունվարի 24-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:
Երևանում հունվարի 22-ին և 23-ի գիշերը, հունվարի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 23-ի երեկոյան ժամերին, 24-ին սպասվում է ձյուն:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը անվաշղթաների կիրառման դեպքում կցորդիչով բեռնատարների համար բաց է:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից Հայաստանի ԱԻՆ-ում ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։