Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական է տվել
2008 թվականից ի վեր Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնը զբաղեցնող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այսօր հրաժարական է տվել, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:
Ինչպես շեշտում է պարբերականը, այսպիսով՝ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների գործընթացի մեկնարկը կարելի է տրված համարել:
Նշենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:
Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին կայացնել նոր ընտրությունների անցկացման որոշում՝ ցանկանալով իրենց առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի:
Հիշեցնենք, որ փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Արամ Աթեշյանի հակառակորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն է ուղարկել, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:
Դրանից հետո Ստամբուլի հայ համայնքը վերջին ամսիներին ամենատարբեր միջոցներով բոյկոտել է Աթեշյանի մատուցած պատարագներն ու ելույթները, կազմակերպել ստորագրահավաքներ՝ պահանջելով Աթեշյանի հրաժարականը: