Ո՞ւմ էր ուղղված Սերժ Սարգսյանի ելույթը
Հենց սկզբից շեշտենք, որ հայաստանյանն իրականությունն այնպիսին է, որ գործող նախագահն այլեւս քաղաքական վերնախավում, գործող քաղաքական գործիչներից, բարձրաստիճան պաշտոնյաներից միակ է, որը կարող է խոսել հանրային նման խնդիրներից եւ կարող է թեկուզ տեսական մակարդակով մոդելավորել պետության զարգացման ընթացքը։
Նրանք, ովքեր գործող նախագահից բացի ի վիճակի են նման ելույթների, հետ են քաշվել եւ դերակատարում չունեն ընթացող գործընթացներում։
Մյուս կողմից, Սերժ Սարգսյանը փաստացի հաղթել է իր բոլոր հնարավոր մրցակիցներին։ Եւ վերջապես, նա կարողացել է ձեւավորել այնպիսի խորհրդարան եւ այնպիսի քաղաքական համակարգ, որտեղ պարզապես չկա նման ելույթի այլընտրանքային հնարավորություն։
Ահա, թե ինչու է այս ելույթը դառնում ավելի է հետաքրքիր, քան կարող է թվալ առաջին հայացքից։
Ո՞ւմ էր հասցեագրված ելույթը
Գործող նախագահի ելույթը միայն տեխնիկապես էր ուղղված Ազգային Ժողովին։ Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ այդ դահլիճում, բոլոր խմբակցություններից միասին վերցրած, հազիվ երկու տասնյակ մարդ կհասկանա բովանդակությունը եւ ենթատեքստերը։ Այնպես որ, ԱԺ-ն միայն դահլիճն էր եւ առիթը։ Ելույթն ուղղված չէր նաեւ խորհրդարան չանցած մյուս քաղաքական ուժերին։ Այստեղ նույնպես գործում է հասկացողների թվի վերաբերյալ վերոհիշյալ բանաձեւը:
Փաստենք նաեւ, որ ելույթն ուղղված չէր հասարակությանը, քանի որ հասարակություն, որպես այդպիսին, գոյություն չունի: Բնակչության ճնշող մեծամասնությունը ոչ լսել, ոչ էլ կարդացել է մեկ ժամանոց ելույթը։ Դա նրանց չի հետաքրքրում։
Ելույթն ուղղված չէր նաեւ պետական համակարգին, որովհետեւ իր պաշտոնավարման իններորդ տարում Սարգսյանին հաջողվեց ձեւավորել բացառիկ անդեմ եւ կարծիք չունեցող համակարգ, որին ուղերձով դիմելու որեւէ հարկ չկա։
Համոզիչ չէ նաեւ այն տեսակետը, թե ելույթն արտաքին լսարանի համար էր։ Արտաքին լսարանի համար ասելիքը սովորաբար լինում է շատ ավելի կարճ եւ ընդգծված։ Իսկ այստեղ մենք գործ ունենք բավական բազմաշերտ խոսքի հետ։
Սարգսյանն ասաց, կամ Սարգսյանն ուզում է
Իր այս ելույթով գործող նախագահը առանց սեթեւեթանքների հասկացրեց, որ պատրաստվում է Հայաստանը ղեկավարել շատ երկար։ Բնականաբար, սա պետք է համեմվեր տնտեսական փայլուն հեռանկարի տեսլականով, ինչն արվեց բավական երկար եւ գունագեղ։
Երկար կամ հավերժ իշխելու իր ցանկությունը, անկասկած, պաշտոնավարման ժամկետի վերջին մոտեցող նախագահը պետք է հիմնավորեր։ Իհարկե, դա պետք է արվեր անվտանգության գաղափարի միջոցով։ Ըստ էության ուրիշ տարբերակ չկա։ Ահա թե ինչու Սարգսյանը հանգամանալից անդրարձավ իր նախորդների անվտանգության մոդելներին։ Որքանով է սա արդար եւ իրականություն, մենք ձեռնպահ կմնանք քննարկելուց, քանի որ կա հեղինակային իրավունքի խնդիր։
Ընդունենք միայն, որ Սարգսյանը, ըստ էության, ձեռնամուխ է լինում Ղարաբաղի խնդրի եւ անվտանգության խնդրի նոր պատմության ստեղծմանը։ Իսկ պատմությունն ինչպես գիտենք, չափազանց սուբյեկտիվ գիտություն է: Լրատվական, քաղաքական, ֆինանսական, ինչպես նաեւ այլ ռեսուրսների պարագայում հնարավոր է աչքիդ առաջ նոր պատմություն գրել։
Հաջողության տեխնոլոգիան
Բոլորին հաղթելուց, լռեցնելուց, հաճախորդեցնելուց, առնելուց, պայմանավորվելուց հետո հնարավո՞ր է, որ Սարգսյանի հավերժ կառավարելու ծրագիրը չիրականա, ստեղծվեն խոչընդոտներ։ Որպես քաղաքական եւ կառավարման տեխնոլոգիաներին փայլուն տիրապետող գործիչ, Սերժ Սարգսյանը հասկանում է, որ իհարկե՝ հնարավոր է։
Բնականաբար, նա այդ մասին չի ասի իր ելույթում, բայց մտքում դա գիտակցում է։
Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ «հին» Սարգսյանը չի կարող շարունակել կառավարել։ Դա կարող է անել միայն «նոր» Սարգսյանը։ Սա արդեն եւ տեխնոլոգիա է, եւ ասելիքի, եւ տեսակետի, եւ քայլերի, եւ նոր համագործակցության շրջանակների առումով։ Սա, իհարկե, աշխատանք է, ընդ որում, բավական բարդ։
Մի քանի ամիս հետո գալու է մի պահ, երբ Սարգսյանն այլեւս նախագահ չի լ;ինելու, բայց վարչապետ եւս չի լինելու: Անցումային օրերին Սարգսյանը լինելու է սովորական քաղաքացի։ Իսկ սովորական քաղաքացու ծրագրերը Հայաստանում միշտ չէ, որ իրանանում են։ Բոլորին հաղթելուց եւ այսպիսի ԱԺ ունենալու պարագայում նույնպես երաշխիքները կարծր չեն։
Սյդ անցումային օրերին երկրում մթնոլորտը փոխվելու դեպքում, շատ բան կարող է փոխվել։ Եթե Երեւանում 10-15 հազարանոց ցույցեր սկսվեն, ապա Սարգսյանի ծրագրերը կարող են փոխվել։ Սոցիալական ծանր համապատկերին, ԱԺ-ին հարող Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներում հազարավոր ցուցարարների առկայությունը, բառիս բուն իմաստով, կփոխի խորհրդարանի պատկերը։ Սարգսյանը լավ գիտի այս զանգվածի քցելու, թռնելու, փոխվելու հատկությունները։ Սա էլ խորհրադարանական կառավարման տհաճ կողմն է։ Անկայունության եւ անկանխատեսելիության գործոնը շատ ավելի ուժեղ է։ Հենց սրանից է ամեն գնով փորձելու խուսափել գործող նախագահը։ Նա հասկանում է, որ քաղաքական ուժերը, այլ շրջանակները կարող է չհայտնվեն ԱԺ-ում, կարող է ի վիճակի չլինեն խորքային վերլուծություններ անելուն եւ պետության զարգացման տեսլականների ձեւակերպմանը, բայց փողոցային գործընթացների՝ առանձնապես մեծ ինտելեկտ չպահանջող գործին կարող է տիրապետեն։
Իր պաշտոնավարման ամբողջ ընթացում Սերժ Սարգսյանը ապացուցել է, որ ինքը երաշխիքներով շարժվող, ապահովագրված զարգացումների ջատագովն է։ Նա իրեն վերաբերող հարցերը երբեք չի թողել բախտի քմահաճույքին՝ նախապես փորձելով չեզոքացնել կամ մեղմել պոտենցիալ ռիսկերը։
Այսօրը եւ եկող փուլը Հայաստանի համար մեծ էքսպերիմենտ է՝ հաշվարկված և չհաշվարկված ռիսկերով։ Եւ ցանկացած կողմի , ցանկացած քայլի հիմքում պետք է լինի պետության անվտանգության գաղափարը։ Իրականությունը այլ բան չի ենթադրում։
Սարգիս Գաբրիելյան