Անգլիական դատարանը որոշել է, որ ըստ էթիկական պատկերացումների վեգանությունը փիլիսոփայություն է
Վեգանությունը փիլիսոփայական աշխարհայացք է եւ այս պատճառով օրենքի պաշտպանության ներքո է. այսպիսի պատմական որոշում է կայացրել անգլիական Նորվիչ քաղաքի աշխատանքային վեճերի տրիբունալը, փոխանցում է BBC-ն:
2018 թվականի վերջին հայցը ներկայացրել էր վեգան Ջորդի Քասամիթջանան՝ հայտարարելով, որ կենդանիների պաշտպանության «Դաժան մարզաձեւերի դեմ լիգա» բարեգործական կազմակորպությունից հեռացվել է իր վեգանական համոզմունքների պատճառով:
Այս կազմակերպությունում աշխատելիս նա հրապարակայնացրել էր, որ այն ներդրում է կատարել կենդանիների վրա մթերքների թեստավորմամբ զբաղվող ընկերության մեջ:
Նրա նախկին գործատուն հայտարարել է, որ Քասամիթջանան հեռացվել է ոչ պատշաճ վարքագծի պատճառով:
Աշխատանքային վեճերի տրիբունալի դատավորը, սակայն, ուրբաթ որոշել է, որ ըստ էթիկական պատկերացումների վեգանության վրա պետք է տարածվի 2010 թվականի հավասարության եւ խտրականության անթույլատրելիության մասին օրենքը: Դեռեւս չի հրապարակվել որոշումն այն մասին, թե արդյո՞ք հայցվորին արդարացիորեն էին հեռացրել: