Իսկ պարզելո՞ւ ենք, թե ով կամ ովքեր Վլադիմիրին հասցրին այս վիճակին (Տեսանյութ)
Ոստիկանությունը մանրամասներ է հրապարակել մայիսի 13-ին Երեւանում տեղի ունեցած արտակարգ դեպքի վերաբերյալ, երբ երիտասարդը ծնողներին դանակահարելուց հետո ինքնասպանության փորձ էր կատարել: Կասկածյալ Վլադիմիր Կանջարյանը դեպքի օրը, ժամը 20:00-ի սահմանում դանակահարել էր մորը, ապա՝ կնոջն օգնության հասած հորը, որից հետո նետվել շենքի 6-րդ հարկից ու ընկել հարեւանի մեքենայի վրա:
Հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի եւ առողջությանը միջին ծանրության վնասվածք պատճառելու հատկանիշներով:
Վլադիմիր Կանջարյանին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորված է:
Նա այժմ գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքում, ենթարկվել է վիրահատության:
Հ.Գ. Եւ հետաքրքիր է, թե հանրությունը, համապատասխան մարմինները որեւէ հետեւություն անելու են այս պատմությունից, թե՞ ոչ: Վլադիմիր Կանջարյանը շնորհալի երիտասարդ էր, մանուկ հասակից զբաղվել է շախմատով, հասել լուրջ հաջողությունների, հետո զորակոչվել բանակ, որից հետո, ըստ մամուլի որոշ հրապարակումների, սկսել մտածել ինչ-ինչ պարտքերը փակելու մասին, ծնողներից պահանջել վաճառել տունը, մերժում ստանալով՝ հոգեկան անհավասարակշիռ վիճակի մեջ հարվածներ է հասցրել ծնողներին եւ նետվել վեցերորդ հարկից:
Վլադիմիրը խուլիգան չէր, կիրթ եւ դաստիարակված մարդ էր: Ո՞վ, ովքեր նրան հասցրին այս վիճակին: Մի՞թե չենք փորձելու գտնել այս հարցերի պատասխանները:
Top-News.am