Ադրբեջանում ոստիկանությունը առևանգել և ծեծել է հայտնի բլոգերի
Դեկտեմբեչի 27-ի ուշ գիշերը Ադրբեջանում հայտնի բլոգեր, նախկինում քաղբանտարկյալ Մեհման Հուսեյնովը առևանգվել է ոստիկանության կողմից և տարվել անհայտ ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է turan.az կայքը:
Դեպքը տեղի է ունեցել Բաքվի կենտրոնում, բազմաթիվ վկաների և բլոգերի աշխատակիցների ներկայությամբ, երբ Հուսեյնովը միանձնյա ակցիա էր անցկացնում, պահանջելով ազատ արձակել Ադրբեջանում հայտնի ռեփեր Paster-ին, որը ձերբակալվել է 30 օրով:
Միայն առավոտյան պարզ է դարձել, որ Հուսեյնովին ծեծել են մեքենայի մեջ, և թողել են քաղաքի ծայրամասերից մեկում: Բլոգերը դիմել է բժիշկներին, նրա մարմնի վրա բազմաթիվ կապտուկներ ու վերքեր են եղել:
Լրատվականը ոստիկանության պահվածքը մեկնաբանում է նրանով, որ Հուսեյնովը վերջին օրերին սոցիալական կայքերում դարձել էր իշխանությունների կոշտ քննադատողը, քննադատել էր Ադրբեջանում վերջին ՏԻՄ ընտրությունների ժամանակ տեղի ունեցած կեղծարարություններ ու ռեփեր Paster-ի (Փարվիզ Գուլուզադե) ձերբակալությունը, որը նույնպես աչքի էր ընկել իշխանությունների կոշտ քննադատությամբ:
Նշվում է, որ Հուսեյնովը նաև պատգամավորության թեկնածու է:
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը ոչ մի բացատրություն չի տվել բլոգերի առևանգման վերաբերյալ: