Ինչու՞ են արտագաղթում գյումրեցիները
Յուրաքանչյուր տարի հրապարակվող պաշտոնական տվյալներից հետո, տեսնում ենք, որ արտագաղթի տեմպերը գնալով մեծանում են: Արտագաղթողները հիմնականում դժգոհում են տարեսկզբից սկսված ու կանգ չառնող գնաճից, աշխատանքի բացակայությունից եւ վարկերի բարձր տոկոսադրույքներից:
Այս անգամ որոշեցինք հարցում անցկացնել այն քաղաքացիների շրջանում, ովքեր ունեն հիմնական աշխատանք, բայց կրկին ցանկանում են հեռանալ:
«Կուզեմ ապրել իմ երկրում, բայց որտեղ արդարություն կլինի։ Սոցիալական խնդիրներն էլ՝ լուծված: Չեմ մտածել, թե որ երկրում կարող եմ ապրել, բայց եթե իմ ասած խնդիրները կարգավորվեն, կարել եմ եւ Հայաստանում ապրել»,- նշեց պետական կառույցներից մեկի առաջատար մասնագետներից մեկը:
«Ուզում եմ Գյումրիում ապրել, բայց նաեւ միաժամանակ ստանալ բարձր աշխատավարձ, գոնե 200 հազար դրամ: Ունեմ Ղազախստան գնալու հնարավորություն, բայց չեմ գնում, ուզում եմ, որ երեխաս մեր երկրում մեծանա: Չգնալու պատճառը ոչ թե հայրենասիրությունն է, այլ այն, որ օտարի հողում քեզ ապահով չես զգում»,- նշեց գյումրեցի մասնագետներից մեկը:
«150-200 հազար էլ որ ստանամ, ոչ մի տեղ չեմ գնա: Հիմա 63 հազար եմ ստանում, բայց դա շատ քիչ է նույնիսկ Գյումրիում ապրելու համար: Ես ուսանող եմ, սովորում եմ բժշկական համալսարանում: Շաբաթը երկու անգամ գնում Երեւան գալիս եմ, աշխատավարձս վերջանում է»,- նշեց երիտասարդ բուժաշխատողներից մեկը:
Գյումրեցիներից շատերն էլ նախընտրում են ծովափնյա երկրներում բնակություն հաստատել, բայց միեւնույն ժամանակ նշում են, որ ապահովությունը երաշխավորված չէ:
«Բրազիլիայում կուզեի ապրել: Էնտեղ ծով կա, տաք է, ու պարզապես ինձ միշտ ձգել է այդ երկիրը։ Իսկ ընդհանրապես երբեք չեմ երազել Հայաստանից դուրս ապրելու մասին: Ոչ մի տեղ էլ հեշտ չէ, ու՞ր գնամ: Բարձրագույն կրթությամբ գնում ուրիշի հիվանդ են պահում, էստեղ էլ պահեմ, կաշխատեմ մի 200 հազար, բայց ուզում եմ իմ մասնագիտությամբ այդքան վաստակել»,- եզրափակում է մասնագիտությամբ բանասեր մի կին:
Ստացվում է, որ եթե մեր երկրի ղեկավարությունը փոքր-ինչ քայլեր ձեռնարկի, որպեսզի նվազագույն աշխատավարձի շեմը բարձրանա, ապա հեռացողներին տասնյակ հազարներով չենք հաշվի: Նշենք, որ աշխատավարձի բարձրացում վերջին անգամ ՀՀ-ում տեղի է ունեցել 2014 թվականի դեկտեմբերին: Եւ ուշադրություն դարձրեք, որ գյումրեցիները շատ մեծ աշխատավարձ չեն պահանջում:
Դավիթ Գասպարյան