Քոչարյանն այսօր ակտիվ քաղաքականության մեջ է եւ օրակարգ թելադրող ամենաառանցքային գործիչներից է. Աղվան Վարդանյան
Մտածող, գիտակից ցանկացած մարդ տեսնում է, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր ակտիվ քաղաքականության մեջ է՝ լինելով բանտախցում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը:
«Դուք տեսնում եք Քոչարյանի հրապարակային ելույթները, հարցազրույցները եւ աչք ու ականջ ունեցողը կտեսնի, որ իր գնահատականները եւ ներքաղաքական, եւ արտաքին քաղաքական, եւ մեր երկրի իրական խնդիրներին առնչվող, դրանք բացառիկ լայն հայացքով, փորձառու քաղաքական գործչի տեսակետներ են: Այլ տեսակի, ամենօրյա շփման հնարավորությունից նա փաստորեն ապօրինաբար զրկված է:
Բայց այն, որ նա քաղաքականության մեջ է եւ այսօր քաղաքականության օրակարգ թելադրող ամենաառանցքային գործիչներից մեկն է, ակնհայտ է»,-ընդգծեց Աղվան Վարդանյանը: