ՈՒԵՖԱ-ն հաստատ Վենետիկի հանձնաժաղովի նման բարի չի գտնվի
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության շուրջ կրքերը գնալով թեժանում են, անլրջանում եւ իջնում ամենացածր մակարդակի՝ հիշեցնելով թայֆայական պայքար: Միաժամանակ ակնհայտ է պետության միջամտությունը, որքան էլ այն քողարկվի:
Այս ամենն արդեն ոչ թե տգեղ է, այլ անլուրջ եւ խիստ վտանգավոր հայկական ֆուտբոլի համար: Իհարկե, կարելի է կողմերին կոչ անել կանգ առնել, սթափվել, իրավիճակին նայել կողքից եւ հետաձգել ընտրությունները, բայց, անկեղծ ասած, քիչ են հույսերը, որ այս իրավիճակում կհաղթի սթափ միտքը:
Անկասկած, իրավիճակից դուրս գալու, հայկական ֆուտբոլը ճահճում չթաղելու ամենալավ լուծումն ընտրությունների հետաձգումն է, որից հետո պետք է սկսվի ընտրությունների նախապատրաստումը, ընդ որում, պայմանով, որ նախագահի թեկնածու, գործկոմի անդամի թեկնածու չպետք է լինեն հրաժարական տված նախագահ Արթուր Վանեցյանը եւ նրա երկու տեղակալները՝ Արմեն Մելիքբեկյանը եւ Արմեն Նիկողոսյանը:
Ավելին, իշխանությունները պետք է ձեռնպահ մնան ընտրություններին միջամտելու, ամեն կերպ իրենց թեկնածուին այնտեղ տեղավորելու ծրագրերից:
Ակնհայտ է, որ հայաստանյան այսօրվա իշխանությունները որեւէ պատկերացում չունեն ոչ ՖԻՖԱ-ի, ոչ ՈՒԵՖԱ-ի մասին, ոչ էլ ճիշտ տեղեկություններ են ստանում նրանցից, ովքեր այսօր հիվանդագին ձգտում ունեն ղեկավարել հայկական ֆուտբոլը: Նրանք, կարծես թե, ՈՒԵՖԱ-ին եւ ՖԻՖԱ-ին շփոթում են իրենց կամայականությունները տանող Վենետիկի հանձնաժողովի հետ եւ ավելի խճճվում ու սխալներ թույլ տալիս:
Եթե դեկտեմբերի 23-ի ընտրությունները չհետաձգվեն, եթե ամեն կերպ ՀՖՖ-ի նախագահի պաշտոնում նշանակվի Արմեն Մելիքբեկյանը, ապա ոչ միայն հայկական ֆուտբոլը կինքնափլուզվի, ոչ միայն ֆուտբոլը տասնամյակներով հետ կշպրտվի, այլ կոնկրետ պատժամիջոցների կարժանանանք հենց ՈՒԵՖԱ-ի կողմից:
Վստահ եղեք, որ ՈՒԵՖԱ-ում այս ամենին հետեւում են, վստահ եղեք, որ քաջատեղյակ են, թե որքանով Արմեն Մելիքբեյանն ու Արմեն Նիկողոսյանն իրավունք ունեին զբաղեցնել նախագահի տեղակալի պաշտոնները, եւ որքանով են գործող իշխանությունները խառնվում ՀՖՖ նախագահի ընտրություններին:
Պատժամիջոցներն անխուսափելի են լինելու: Բացառված չէ, որ Հայաստանը բոլոր մակարդակներով զրկվի միջազգային մրցաշարերին, այդ թվում եւ հավաքականների մակարդակով մասնակցելու իրավունքից երկու եւ անգամ չորս տարով:
Իրավիճակից դուրս գալու առաջին քայլը պետք է լինի ընտրությունների հետաձգումը եւ նոր ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, արդեն այլ մթնոլորտում, որտեղ գլխավոր դերակատարները պետք է լինեն ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները:
Գեղամ Նազարյան
Top-News.am