«Դատարկ կալորիաները» տարածվել են նույնիսկ աղքատ երկրներում. գիտնականներ
Այսպես կոչված «դատարկ կալորիաները» տարածվել են նույնիսկ աղքատ երկրներում: Ասիայի եւ Աֆրիկայի երկրների բնակչությունն արդեն ակտիվորեն օգտագործում է ֆասթֆուդ, ինչը հանգեցնում է այդ երկրներում գիրության աճին: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է The Lancet գիտական ամսագրում:
«Դատարկ կալորիաների» (գազավորված ըմպելիքներ, չիպսեր, չորահաց եւ այլն) վնասի մասին գիտնականները խոսում են վաղուց: Այդ մթերքները օգտակար չեն առողջության համար, օրգանիզմին մեծ քանակությամբ ավելորդ կալորիաներ են տալիս եւ նպաստում են ավելորդ քաշի հայտնվելուն:
Երկար ժամանակ ընդունված էր կարծել, որ խնդիրն արդիական է միայն հարուստ երկրներում: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այդ խնդիրն առկա է Աֆրիկայի եւ Ասիայի աղքատ երկրներում, որտեղ եւս ճարպակալման համաճարակ է սկսվել:
Ճարպակալման հետ կապված ճգնաժամը բացատրվում է էժան եւ բարձր կալորիականություն ունեցող սննդի հասանելիությամբ՝ պնդում են գիտնականները: Հյուսիսային Կառոլինայի համալսարանի եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտողների կարծիքով՝ ճարպակալման հետեւանքով տարածվում է նաեւ երկրորդ տեսակի դիաբետի համաճարակը, սրտային հիվանդությունները եւ նույնիսկ քաղցկեղը, որը տարածվել է մոլորակի բոլոր անկյուններում: Նման եզրակացություն են արել գիտնականները՝ հիմնվելով 126 պետությունների մասին տեղեկությունների վրա:
Նախկինում Լատինական Ամերիկայի, Կարիբյան ավազանի, Արեւելյան Եվրոպայի եւ Ասիայի աղքատ երկրներում նման խնդրով տառապող մարդկանց թիվը մեծ չէր: 48 ամենաաղքատ երկրներ թերսնման եւ ճարպակալման հետ կապված խնդիրներ ունեն՝ ցույց է տվել նոր հետազոտությունը: Նույնիսկ աշխարհի ամենամեկուսացած երկրներում տարածված են ֆասթֆուդերը: Եվ դրան դիմակայելը բավականին դժվար է, քանի որ ֆասթֆուդերը էժան են եւ արագ են պատրաստվում: