Գիտնականները հայտնաբերել են Երկրի նոր ամենախոր կետը
Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են Երկրի ամենախոր իջվածքը: Ինչպես ներկայացնում է ВВС News-ը, այն գտնվում է Արևելյան Անտարկտիդայում՝ Դենման սառցադաշտի տակ:
Իջվածքի խորությունը կազմում է ծովի մակարդակից 3.5 կմ ցածր: Իջվածքն ունի 20 կմ լայնություն և 100 կմ երկարություն: Այն լի է սառույցով: Այս կետից ավելի խոր միայն օվկիանոսային իջվածքներն են գտնվում:
Մինչ այս հայտնագործությունը երկրագնդի ամենացածր կետը համարվում էր Մեռյալ ծովի ափամերձ հատվածը, որի խորությունը կազմում է 430 մետր ծովի մակարդակից ցածր:
Ինչպես նշվում է, այս հայտնագործությունը կարևոր է հասկանալու համար, թե ինչպես հետագայում կփոփոխվի Հարավային բևեռը: Գիտնականները ծրագրում են ուսումնասիրել մայրցամաքային ապարները և սառցադաշտի տակ առկա և նախկինում ուսումնասիրված լեռնաշղթաները, որոնք կարող են ազդել հալչող սառցադաշտերի հոսքի վրա: