Արցախի շուրջ դավադրություն է տեղի ունենում, որը հանրությանը մոլորեցնելու նպատակով ուշադրությունից հեռացնում են. ԼՂ խնդրի այն «չբանակցությունները» փաստացի բանակցություններ էին․ Ա. Դանիելյան (տեսանյութ)
Դավադրություն է տեղի ունենում, որը հանրությանը մոլորեցնելու նպատակով ուշադրությունից հեռացնում են։ Այս մասին այսօր «Ադեկվադ» միաբանության կազմակերպած «Ադեկվադ դիսկուրս» կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց «Ադեկվատ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը։ Հանդիպմանը քննարկվում է արցախյան հարցի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները և զարգացումերը։
«Բոլորիս հայտնի դարձավ, որ Արցախի հիմնահարցի այն «չբանակցությունները», որոնք մեր իշխանությունը «կոնսուլտացիա» էր անվանում, փաստացի բանակցություններ էին, որոնց շրջանակներում շատ հստակ պայմանավորվածություններ էին ձեռք բերվում։ Կա պրոցես, որը առաջ է շարժվում»,- ասաց Դանիելյանը։
Նա նշեց,որ Վիեննայում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել լրագրողների փոխայցերի մասին, որը գաղտնի է պահվել։ Արթուր դանիելյանը հիշեցրել է, որ ԱԳՆ մամուլի խոսնակը պարզաբանել է, որ լրագրողների փոխայցերի մասին գաղտնի է պահվել՝ ինչ-որ անվտանգության նկատառումներով պայմանավորված։ Նա անհասկանալի է համարում այդ պայմանավորվածությունը:
«Ադեկվադ» միաբանության ղեկավարի կարծիքով՝ ակնհայտ է, որ խորքային պրոցեսներ կան։
«Երբ Լավրովը խոսում էր հնգակողմ հայտարարության մասին, կարծում եմ՝ հասկանալի է, որ այդ հայտարարության տեքստն արդեն պատրաստ և համաձայնեցված էր, բայց վերջին պահին ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ հնգակողմ հայտարարության մասին չխոսվեց»,- նշեց Արթուր Դանիելյանը։
Նա անդրադարձավ նաև բանակցություններին ԼՂ ադրբեջանական համայնքի մասնակցության թեմային:
«Հովհաննես Իգիթյանն ասում էր, որ Նիկոլ Փաշինյանն իր համաձայնությունը տվել է, որ բանակցային գործընթացին մասնակցեն ադրբեջանցի փախստականների ներկայացուցիչները։ Հետո Լևոն Զուրաբյանն ասաց՝ փաստորեն, ներկա պահին բանակցություններն ընթանում են Լևոն Տեր-Պետրոսյանի հոգով և սրտով»,- ասաց նա։
Նրա դիտարկմամբ՝ նման գործընթացը թույլ է տալիս մտածել, որ տեղի է ունենում դավադրություն, որը հանրության ուշադրությունից հեռացնում են՝ հանրությանը մոլորեցնելու նպատակով։ Արթուր Դանիելյանը նաև նշեց, որ իշխանության ռեսուրսը մեդիամանիպուլյացիայի առումով սպառված չէ, և այդ ռեսուրսները շատ արդյունավետ օգտագործում են։