Չի կարող Հայաստանի ղեկավարն ասել, որ ադրբեջանական համայնքը հավասար է Արցախի Հանրապետությանը
Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու Նիկոլ Փաշինյանի խոստումն իրականություն դառնալու փոխարեն իշխող թիմից հիմա էլ հայտարարություններ են հնչում Ղարաբաղի ադրբեջանական համայնքի՝ բանակցային սեղան վերադառնալու մասին։ Մի քանի օր է՝ «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հայտարարությունը, թե վարչապետ Փաշինյանը դեմ չէ, որ արցախյան բանակցություններում Ալիեւի հետ ներկա լինեն նաեւ Արցախի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները, մեծ աժիոտաժ է առաջացրել քաղաքական շրջանակներում, գրում է hraparak.am-ը։
Իգիթյանի կարծիքով՝ հիմա բանակցային գործընթացում կարեւոր է այն սկզբունքային մոտեցումը, որ Արցախը պետք է լինի բանակցային սեղանի կողմ: Նա հիշեցրել է, որ նախկինում ԵԱՀԿ-ն կողմնորոշվել էր, որ բանակցություններին պետք է մասնակցեն երեք կողմերը՝ Հայաստանը, Ադրբեջանը եւ Արցախը: Հայկական կողմն էլ միշտ խոչընդոտում էր «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» անվան տակ հանդես եկող մարդկանց ներկայությունը։ Սակայն հիմա Հայաստանի դիրքորոշումն այլ է։
Նախկին իշխանություններն ահազանգում են՝ իրենք տարիներ շարունակ պայքարել են, որ այդ համայնքը հետ չվերադարձվի, մինչդեռ ներկայիս իշխանությունը բացահայտ հայտարարում է իր համաձայնության մասին։ Արցախի նախագահի խոսնակ, աշխատակազմի ղեկավար Դավիթ Բաբայանը, սակայն, հորդորում է խուճապի չմատնվել եւ նախ պարզել, թե ինչ կարգավիճակով մասնակցությանն է կողմ պաշտոնական Երեւանը։ «Ադրբեջանական կողմը նախկինում իրենց պատվիրակության կազմում միշտ էլ ներառում էր այդ, այսպես կոչված, համայնքի ներկայացուցիչներին։ Խնդիրն այն է, որ չի կարելի նրանց դիտարկել առանձին կողմ, հատկապես, որ Արցախի «ադրբեջանական համայնք» հասկացությունը ֆիկտիվ հասկացություն է,- ասաց Բաբայանը՝ բացատրելով։- Դա հասարակական կազմակերպություն է, որոնց ներկայացուցիչները կտրված են իրենց լուռ փախստականներից, միլիարդատերեր են, միլիոնատերեր, լավ կյանք են ապրում։ Հիմա, եթե Ադրբեջանն ուզում է, որպեսզի իր հետ նաեւ այդ համայնքի ներկայացուցիչները նստեն բանակցային սեղանի շուրջ, այսինքն՝ իրենց պաշտոնական պատվիրակության կազմում ընդգրկեն այդ կազմակերպությունից մարդկանց, դա իր գործն է, բայց որպես լիիրավ կողմ, առավել եւս՝ Արցախի հետ հավասար, այն չի կարող լինել եւ անընդունելի է»։