Սա ոչ թե ժողովրդավարության նշան է, այլ՝ մասնատվածության դրսեւորում. Ռոբերտ Քոչարյան
«Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը շարունակում է զրկված մնալ ազատությունից, անդրադարձել է նաեւ Արցախում կայանալիք առաջիկա ընտրություններին եւ իր մտահոգությունն հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Իշխանության հռչակված իրավահաջորդի բացակայությունը բերեց քաղաքական դաշտի ծայրահեղ հատվածականացման: Ղարաբաղյան էլիտայի տարբեր հատվածները ներկայացնող նախագահի թեկնածուների այսպիսի քանակ երբեք չի եղել: Սա ոչ թե ժողովրդավարության նշան է, այլ՝ մասնատվածության դրսեւորում, ինչը մարտահրավեր է Ղարաբաղի անվտանգությանը: Ժողովրդավարության սահմանագիծն Արցախում պետք է պայմանավորված լինի անվտանգությամբ, ոչ թե հակառակը»,- վստահ է Արցախի առաջիւն եւ ՀՀ երկրորդ նախագահը:
Ռոբերտ Քոչարյանին խիստ մտահոգում է նաեւ ընտրություններին արտաքին ուժերի կողմից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպությունների միակցումը:
«Այդպիսի կազմակերպություններ եւ պացիֆիստական կրոնական աղանդներ Արցախում չպետք է լինեն ընդհանրապես: Տեղի ունեցողն ավելի վտանգավոր է, քան շփման գծում գրանցվող ռազմական միջադեպերը, քանի որ դրանով ոչնչացվում են հենց այն արժեքները, որոնց շնորհիվ մենք հաղթել ենք: Կցանկանայի սխալվել, բայց իմ աչքերում սա Ղարաբաղի վզին փաթաթված սցենար է երեւում, եւ թվում է, որ այն իրականացվում է Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը:
Նա անդրադարձել է նաեւ ապագահ նախագահը կերպարին. «Անընդունելի է Ղարաբաղում ունենալ քծնող նախագահ, ով հնազանդորեն տուրք է տալիս որեւէ մեկի, ներառյալ Հայաստանի վարչապետի, քմահաճույքներին: Այդ որակները հատուկ են տկար եւ թույլ անձերին, իսկ այդպիսի «առաջնորդությունը» կարող է աղետալի հետեւանքներ ունենալ Արցախի համար: Այնտեղ պետք են պատերազմով կոփված խիզախ առաջնորդներ: Հուսամ՝ ղարաբաղցիների ընտրությունը հենց այդպիսին կլինի»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ: