Երևանում ամանորյա տոնակատարություններին ծախսվելու է ոչ թե 700, այլ մոտ 850 հազար դոլար
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն այսօր քաղաքապետարանում կայացած ասուլիսին ներկայացնում էր տոնական միջոցառումների մանրամասները՝ ծրագիրը, սպասվող միջոցառումները, ծախսերը և այլն:
Մինչ այս հայտարարվում էր, որ ծախսերը կազմելու են 325 մլն դրամ, բայց փոխքաղաքապետի այսօրվա հայտարարություններից պարզ դարձավ, որ այդ գումարը շատ ավելի մեծ է:
Նրա տեղեկացմամբ՝ Երևանի բյուջեից մոտ 54 մլն դրամ տրամադրվել է Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում իրականացվող միջոցառումների համար: Եվս 271 մլն դրամ տրամադրել է կառավարությունը ՝ տոնական միջոցառումների ծավալներն ընդլայնելու համար:
Տիգրան Վիրաբյանի խոսքով՝ 81 մլն դրամ էլ Երևանի վարչական շրջանների կողմից է տրամադրվել՝ վարչական շրջանները զարդարելու, տոնական միջոցառումներին պատրաստվելու համար: Այս ծախսերի հանրագումարը դառնում է մոտ 406 մլն դրամ կամ 850 հազար դոլար:
«Երևանի քաղաքապետարանը չի ավելացրել բյուջեն, չի ավելացնելու նաև հաջորդ տարի: Հետագայում, երբ կառավարությունը լիազորությունները պատվիրակեց քաղաքապետարանին (271 մլն դրամի), ծավալները մեծացվեցին։ Ավելացումը տեղի է ունեցել զուտ ծավալների, առաջարկի ընդհանուր տրամաբանության մեջ»,- նշեց փոխքաղաքապետը։
Տիգրան Վիրաբյանը նաև հայտնեց, որ դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում Գորան Բրեգովիչի և նրա խմբի համերգի համար վճարվելու է 65 հազար եվրո։
«Եթե մենք ուզենայինք Ամանորին Հանրապետության Հրապարակում չունենալ նոր բառերով, տեքստերով, նոր գործիքավորմամբ, հարյուրավոր կարված զգեստներով համերգ-մյուզիքլ, այլ դրա փոխարեն երկու արտիստ իրենց տանից բերած «կուռտկաներով» ֆոնոգրամա-պլյուսով անեին համերգ, կունենայինք ավելի մատչելի միջոցառում»,- ասաց նա։