Այդ միջավայրը ստեղծվում է հենց սոցիալապես անապահով մարդկանց համար. Փաշինյանը՝ ամանորյա տոնակատարություններին 680 000 դոլար հատկացնելու մասին (տեսանյութ)
Այդ միջավայրը, որ ստեղծվում է, հենց առաջին հերթին սոցիալապես անապահով կամ ամենօրյա ծախսեր անելու հնարավորություն չունեցող մարդկանց համար է, դա հնարավորություն է տալիս, որ նրանք շատ ուրախ, շատ բարձր մակարդակով նշեն Ամանորը: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ անդրադառնալով խոսակցություններին, թե բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ ունեցող երկրում ինչու է այդքան գումար հատկացվում ամանորյա տոնակատարություններին:
Հիշեցնենք, որ այս տարի ամանորյա տոնակատարություններին նախատեսված է հատկացնել մոտ 680.000 դոլար:
«Մենք սրանով լուծում ենք շատ կարևոր հարց՝ սոցիալ-հոգեբանական, տնտեսական և գեղագիտական խնդիր: Ինչ տնտեսական խնդրի մասին կարող է լինել խոսքը: Նախ, ՀՀ շատ քաղաքացիներ հաստատված ավանդույթի համաձայն՝ Ամանորը նշում են երկրից դուրս, ինչը տնտեսական բավականին լուրջ խնդիր է մեր երկրի համար, որովհետև մեր երկրից գումարներն արտահոսում են»,-նշեց վարչապետը:
Նրա խոսքով՝ իրենք խնդիր են դրել, որ ՀՀ քաղաքացիներն Ամանորը նշեն ՀՀ-ում: Այդ միջոցառումների կոմպլեքսը այդ նպատակով է արվելու: Պարզաբանելով նաև այն դիտարկումները, թե Երևանում արվող միջոցառումներն ինչ են տալու մարզերում ապրող բնակիչներին, Փաշինյանը նշեց, թե այդ միջոցառումների արդյունքում ստացված եկամուտները շղթայական ռեակցիայով ազդելու են նաև մարզերի բնակիչների վրա՝ գյուղմթերքի, գյուղատնտեսական արտադրանքների սպառման տեսքով:
«Չեմ հասկացել ու չեմ հասկանա այն շեշտադրումները, թե երկրում այսքան պրոբլեմ կա, դուք տոնի վրա այդքան գումար եք ծախսում: Ես համարում եմ, որ մարդկանց ուղղակի փող բաժանելը իրենց սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հնարավոր ամենավատ ճանապարհն է: Արդեն իսկ չարչրկված ասացվածքը հեշեցնեմ. «Մարդկանց պետք է ոչ թե ձուկ բաժանել, այլ սովորեցնել ձուկ բռնել»: Մեր քաղաքականությունն ուղղված է դրան»,-հայտարարեց Փաշինյանը: