Մի քանի գիշերվա համար հսկայական գումարներ ծախսելու փոխարեն կարելի է խնդիրներ լուծել
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Երևանի Ամանորի տոնական միջոցառումների համար նախատեսված ծախսերին, ասաց, որ մի քանի գիշերվա համար այդքան գումարներ ծախսելու փոխարեն կարելի է խնդիրներ լուծել։
Նա կարևոր է համարում հասկանալ, թե այդ ծրագրերը որքանով են նպաստում ժողովրդին, առավելևս եկող սերնդի դաստիարակությանը ու կրթությանը:
«Ինձ համար օգտակար գործողության գործակիցը չափվում է նրանով, թե որքանով ենք մենք այդ գործընթացով, գեղարվեստական գործունեությամբ նպաստում ժողովրդի նախ կրթությանը, և երկրորդ` տեսակի, ինքնության, մշակույթի, մեր նկարագրի ներկայացմանը արտաքին աշխարհին: Մենք պետք է հասկանանք, թե ուր ենք հասել, որտեղ ենք հիմա և ինչ ունենք»,- ասաց նա և նկատեց, որ մեզ արտաքին աշխարհում վատ են ճանաչում, և լավ չգիտեն մեր մշակույթի, արվեստի մասին:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը Ամանորի տոնական միջոցառումներին ընդհանուր առմամբ ծախսելու է 325 մլն դրամ: Կառավարության որոշման համաձայն՝ նախատեսվել է 271,797 հազար դրամ, որը գումարվելու է Երևանի բյուջեով հատկացված շուրջ 54 միլիոնին:
Տիգրան Հեքեքյանը նշեց, որ թեև նախատեսված միջոցառումներից տեղյակ չէ, սակայն կարևորեց, որ այդ օրը վերածվի ազգային տոնախմբության:
«Երկար տարիներ գոռում-գոչում են, որ դասական արվեստը տեղին չէ տոնական օրերին, մինչև, վերջապես, կամավոր քայլ եղավ և Անկախության օրվա կապակցությամբ դասական համերգի ականատես եղանք և կոտրվեց կարծրատիպը, իսկ ինչու այս տարի էլ ազգային երգ ու պարով չտոնենք Ամանորը: Կարևոր է, որ երաժշտության տոնախմբություն լինի, ոչ թե հսկայական փող ծախսվի, մեկը երգի, իսկ մյուսները լսեն, պետք է ժողովուրդը ներգրավվի այդ տոնախմբությանը»,- ասաց նա և նկատեց, որ զարգացած և ժողովրդավարական երկրներում ժողովրդին են մասնակից դարձնում տոնին և տոնը դարձնելով իրապես ժողովրդական առանց հսկայական միջոցներ ծախսելու:
«Գումարի քանակը կարևոր չէ ուրախանալու համար, դու կարող ես հսկայական ծախս անել, սեղան գցես ու տխուր նստես և դու կարող ես հաց ու պանիրով էլ ուրախանալ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ Գորան Բրեգովիչի համերգի ու տոնածառի լույսերը վառելու համար քաղաքապետարանը բյուջեից կծախսի շուրջ 290 հազար դոլար և հարցին, թե արդյոք ավելի նպատակային չէր լինի այդ գումարով այլ խնդիրներ լուծվեն և ավելի քիչ գումարով մեծ ուրախություն ստանալ, Տիգրան Հեքեքյանն ասաց.
«Իհարկե, պետք է նաև ուրախանալ, բայց նայած, թե ինչպես: Այնքան խնդիրներ ունենք լուծելու, այսօր դպրոցներ կան, որ ձնհալի ժամանակ տանիքից ջուր է հեղեղում, վթարային շենքեր ունենք, որ չգիտես, թե ոնց մարդկանց փրկես, որ փլատակների տակ չմնան: Գիշերվա ժամերին փողոցները չեն լուսավորվում և մի քանի գիշերվա համար հսկայական գումարներ ծախսելու փոխարեն կարելի է լուծել այդ խնդիրները: Բայց ես հասկանում եմ նաև, որ չի կարելի խինդ ու ծիծաղի մասին մոռանալ, բայց ամեն ինչ իր չափը և նպատակը կունենա: Եթե գումար շատ կա, ապա ավելի լավ է ծախսել մնայուն արժեք ստեղծելու համար: Գումարները պետք է ոչ թե ցուցքի (շոու – Tert.am) վրա ծախսել, այլ բովանդակություն ստեղծելու վրա»,-ասաց նա: