Պետք է մի քիչ լայն մտածել, դուրս գալ կենցաղային մակարդակից, պատմությունը կսրբի ու կտանի ստատուսներն էլ, ֆեյսբուքն էլ
Վրաստանը եկող տարի հերթական մեգանախագիծը կյանքի կկոչի՝ եկող տարվանից Քութաիսիի մերձակայքում 150հա տարածքի վրա կգործի գերժամանակակից միջազգային համալսարան, այն ըստ էության Մյունխենի տեխնոլոգիական հզորագույն համալսարանի հետ համագործակցության արդյունք է: Սա ապագայի ծրագիր է, ինչը թույլ է տալիս մոտավոր պատկերացում կազմել, թե ինչպիսին կլինի Վրաստանը 20-30 տարի հետո: Հիմա մի պահ հիշեք, թե ինչից ենք խոսում մենք, ինչի վրա ենք ուրախանում մենք, կամ ավելի բարդ հարց՝ ինչպիսին ենք տեսնում մեր երկիրը 20-30 տարի հետո:
Շատերդ կհամաձայնեք, որ նորմալ չէ, որ երեխայի նման ուրախանում ենք, երբ պետությունը որակյալ ասֆալտ է անում, նորմալ չէ, երբ գրեթե պաշտոնական մակարդակով բաժանվել ենք սևերի ու սպիտակների ու բանանային պատերազմի ականատես ենք: Մի հատ կողքի դրեք ձեր ֆեյքերին, ձեր շոպլիկներին, հայհոյող տափակներին ու հարց տվեք, լավ բա էս ամենի վերջն ի՞նչ է լինելու:
Լավ չկա՞ մեկը, որ ասի, ժողովուրդ քիչ ենք, լրջագույն մարտահրավերներ կան, պատերազմի վտանգ կա, եկեք գլուխ-գլխի տանք ու ոչ թե րոպեական, այլ առնվազն 4-5 տարվա պլանավորում անենք, մի քիչ պարզ ու հասկանալի ձևով ասենք, թե ինչ ենք ուզում, ինչպիսի երկիր ենք ուզում տեսնել: Ասեմ ավելին, նույնիսկ բանտարված, բայց կապեր ու ֆնանսներ ունեցող մարդու ռեսուրսը պետք է օգտագործել, պետք է օգտագործել ցանկացած հնարավորություն երկիր փող բերելու համար: Ամերիկացիներից լավը ու այսպես ասած՝ սուրբ չլինեք, նրանք իրենց շահերի համար 44-ին նույնիսկ իտալական մաֆիայի կապերն օգտագործեցին ու հեշտությամբ մտան Սիցիլիա: Վերջում հետգրության կարգով՝
Քութաիսիի համալսրանի տարածքն ինձ հիշեցրեց մեր Ճամբարակ քաղաքը, քաղաք, որը մեռնում է, քաղաք, որը սահմանամերձ է ու օր առաջ օգնության կարիք ունի՝ կառավարությունը թող գումարի արտահերթ նիստ, ամենաաչքաբաց ու շուստրի պաշտոնյան թող գործուղվի Եվրոպա կամ ՌԴ ու հանձնարարվի հավաքել 2մլն դոլար՝ Ճամբարակում IT քաղաք կառուցելու համար: Կասեք դժվար է, կլինեն մարդիկ, որ կասեն անհնար է, բայց քանի չկա նպատակ՝ ամեն բան անհնար է: Գործն ու իրական արդյունքն են կարևոր: Հակառակ դեպքում 30 տարվա մեջ ոչինչ նշանակալի չենք կառուցել, օգտագործում ենք դեռևս սովետի թողածը: Պետք է մի քիչ լայն մտածել, դուրս գալ կենցաղային մակարդակից, պատմությունը կսրբի ու կտանի ստատուսներն էլ, ֆեյսբուքն էլ:
Զոհրաբ Եգանյանի ֆեյսբուքյան էջից