Dictionary.com ինտերնետային բառարանն ընտրել է տարվա բառը
Dictionary.com ամերիկյան ինտերնետային բառարանը, որպես տարվա բառ, ընտրել է «էկզիստենցիալ» ածականը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Բառարանի ստեղծողների կարծիքով՝ այզ եզրույթը առանձնացել է «2019թ․ բանավեճերի թեմաներում»։ Այդպիսին է Dictionary.com-ն անվանում կլիմայի փոփոխությունը, հրազենի կիրառմամբ բռնությունը, ժողովրդավարական ինստիտուտների իրավիճակը։ Այլ հարցերի թվում, որոնց քննարկման ժամանակ հաճախ է հնչել «էկզիստենցիալ» ածականը, առցանց բառարանը առանձնացնում է Հոնկոնգի ցույցերը, Brexit-ը, Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը։ Բացի այդ, այն հաճախ է հայտնվել մշակույթի մեջ։
«Էկզիստենցիալ» բառը եղել է 2019 թվականը բնորոշող բոլոր զրույցներում՝ բոլոր ոլորտների մասին եւ ողջ աշխարհում։ Այն արտահայտում է գոյության համար պայքարի զգացում՝ ուղիղ եւ փոխաբերական իմաստներով։ ««Էկզիստենցիալ»-ը նաեւ ստիպում է մեզ կարեւոր հարցեր տալ այն մասին, թե ով ենք մենք, ինչպիսին է մեր նպատակը տարբեր մարտահրավերների առջեւ, ինչպես նաեւ հիշեցնում է, որ մենք կարող ենք ընտրություն կատարել մեր կյանքին վերաբերող հարցերում»,- ասվում է Dictionary.com-ի կայքում երկուշաբթի հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։
Կլիմայի փոփոխություն
Dictionary.com-ի փորձագետները նշում են, որ ինտերնետի օգտատերերը 2019թ․ սովորականից ավելի հաճախ են փնտրել «էկզիստենցիալ» բառի նշանակությունը։ Այս որոնումները հաճախակիացել են այն բանից հետո, երբ քաղաքական գործիչները այս եզրույթը օգտագործել են երկրագնդի վրա կլիմայի փոփոխության հետեւանքով վտանգների նկարագրության ժամանակ։ Այսպես, փետրվարի վերջին համապատասխան որոնողական հարցումների թիվը ավելացել է 179 տոկոսով այն բանից հետո, երբ 2020թ․ ԱՄՆ նախագահական ընտրություններում թեկնածու Բերնի Սանդերսը կլիմայի փոփոխություններն անվանել է «էկզիստենցիալ ճգնաժամ, որը առնչվում է» ոչ միայն ներկա, այլեւ ապագա սերունդներին։
Այս բառի «հանրահայտ» դառնալուն նպաստել են նաեւ Ամազոնիայի հրդեհները եւ Բահամյան կղզիներին վրա հասած «Դորիան» փոթորիկը, որոնց նկարագրության համար շատ ԶԼՄ-ներ եւ միջազգային կազմակերպություններ նույնպես օգտագործել են այս բառը։
«Էկզիստենցիալ» բառի հանդեպ համացանցի օգտատերերի հետաքրքրության եւս մեկ պատճառ Dictionary.com-ը համարում է շվեդ բնապահպան Գրետա Տունբերգի ելույթները։
«Էկզիստենցիալ» բառը շատ են փնտրել մարտին նորզելանդական մզկիթում հրաձգությունից հետո, որի զոհ էր դարձել 50 մարդ, ինչպես նաեւ օգոստոսին Տեխասի նահանգի Էլ Պասո քաղաքում հրաձգությունից հետո։
Հաջորդ «որոնողական բռնկումը» Dictionary.com-ը գրանցել է հունիսի 11-ին, երբ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, հանդես գակով Այովայում իր կողմնակիցների առջեւ, Թրամփին անվանել էր «Ամերիկայի էկզիստենցիալ սպառնալիք»՝ նշելով, որ նա խափանում է Միացյալ Նահանգների հիմնարար արժեքները։
Բայդենի կողմից այս եզրույթի օգտագործումը որոնողական հարցումներն ավելացրել է ավելի քան 1000 տոկոսով, նշել են բառարանի ստեղծողները։