Էրդողանը սպառնացել է բոյկոտել ՆԱՏՕ-ի՝ Լեհաստանի և Բալթյան երկրների պաշտպանության ծրագրերը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի աջակցի Լեհաստանի և Բալթյան երկրների պաշտպանության ՆԱՏՕ-ի ծրագրին, եթե դաշինքը Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերն ահաբեկչական չճանաչի: Այս մասին տեղեկացնում է «Միլլիյեթ» լրատվականը:
«Երեկ ես խոսել եմ Լեհաստանի նախագահի հետ: Նա ասաց՝ «Արդյոք մենք համաձայնության կգա՞նք Լեհաստանի և Բալթյան երկրների շուրջ»: Ես ասացի՝ «Հաճույքով, ինչո՞ւ ոչ: Բայց եթե ՆԱՏՕ-ի մեր բարեկամներն ահաբեկչական չճանաչեն այն կառույցները, որոնք մենք համարում ենք այդպիսին և պայքարում ենք դրանց դեմ, մենք դեմ կլինենք ցանկացած քայլի, որը կձեռնարկի ՆԱՏՕ-ն»»,- ասել է Թուրքիայի նախագահը լրագրողներին՝ Լոնդոն մեկնելուց առաջ, որտեղ դեկտեմբերի 3-4-ը կանցկացվի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը:
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան վարում է բազմավեկտոր քաղաքականություն՝ հետապնդելով իր շահերը: Նա նշել է նաև, որ Անկարայի համար կարևոր է ՆԱՏՕ-ի կողմից տրված անվտանգության հովանավորչությունը:
«Բայց նաև պարզ է, որ դաշինքը թարմացման կարիք ունի: ՆԱՏՕ-ն առավել վճռական և արդյունավետ պետք է գործի, մանավանդ ահաբեկչական կազմակերպությունների կողմից սպառնալիքի դեպքում»,-ընդգծել է թուրք առաջնորդը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիան հրաժարվել է աջակցել Ռուսաստանի կողմից «հարձակման» դեպքում Բալթյան երկրների և Լեհաստանի պաշտպանությանն ուղղված ՆԱՏՕ-ի ծրագրին, ՆԱՏՕ-ում իր պատվիրակին ասել է չստորագրել ծրագիրը և հանդիպումների և մասնավոր զրույցների ընթացքում կոշտ դիրքորոշում ցույց տալ՝ պահանջելով, որ դաշինքը քրդական ինքնապաշտպանական ուժերը պաշտոնական ձևակերպումներում որպես ահաբեկչական ճանաչի: