«Էրմիտաժը» համաձայնագիր է ստորագրել Սիրիայի հետ Պալմիրայի թանգարանի վերականգնման մասին
Ռուսական «Էրմիտաժ» թանգարանը երկուշաբթի համաձայնագիր է կնքել Սիրիայի մշակութային ժառանգության և թանգարանների վարչության հետ Պալմիրայի հուշարձանների վերականգնման հարցում համագործակցության մասին:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, «Էրմիտաժի» տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին հայտնել է, որ նախատեսվում է գիրք հրատարակել այն մասին, թե ինչպես են Պալմիրայի հուշարձանները հայտնվել Ռուսաստանում:
Սիրիական կողմից համաձայնագիրը ստորագրել է վերոնշյալ վարչության տնօրեն Մահմուդ Համուդը: Նախքան համաձայնագրի ստորագրումը արաբագետ Պիոտրովսկին թանգարանում արաբերենով դասախոսություն է կարդացել «Էրմիտաժի» մասին:
Համուդն ու Պիոտրովսկին հանդիսավոր արարողության ժամանակ համատեղ ազդարարել են «Երկու Պալմիրաներ» խորագիրը կրող լուսանկարչական ցուցադրության բացումը, որը նվիրված է սիրիական քաղաքին և Սանկտ Պետերբուրգին։