«Թող Աստված պահպանի այս երկիրը». հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանն այցելել է Խոր Վիրապ և կիսվել տպավորություններով
Ռուսաստանաբնակ հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանն Instagram-ում պատմել է Հայաստանի տեսարժան վայրերից Խոր Վիրապի վանք այցի մասին:
Պետրոսյանը պատմել է 301 թվականին Հայաստանում քրիստոնեության ընդունման պատմության և այդ ընթացքում Խոր Վիրապի դերի մասին: Այս վանքում է բանտարկված եղել Գրիգոր Լուսավորիչը:
«Ամեն անգամ Հայաստան ժամանելիս ես այցելում եմ զարմանալի Խոր Վիրապ վանք: Ինչո՞ւ է ամբողջ աշխարհն այն համարում պետական մակարդակով քրիստոնեական հավատի ծագման վայր: Քանի որ քրիստոնեական հավատը տարածելու համար Գրիգոր Լուսավորիչը փակված է մնացել այս խորը փոսի մեջ»,- գրել է հումորիստը:
Գրիգոր Լուսավորիչը փոսի մեջ անցկացրել է 13 տարի, որից հետո օգնել է Տրդատ III թագավորին բուժվել, վերջինս էլ հետո Հայաստանում քրիստոնեությունը հռչակել է որպես պետական կրոն:
«Այդ խորը փոս տանող աստիճանը ես լուսանկարել եմ: 6 մետր իջա ցած: Թվում էր` ներսս լցվել է ոչ երկրային զգացողություններով»,- նշել է Եվգենի Պետրոսյանը:
Նա նաև հյուրընկալության համար շնորհակալություն է հայտնել վանահորը` հայր Հարությունին: Վերջում Պետրոսյանը Հայաստանին Աստծո օրհնությունն է մաղթել` գրելով. «Թող Աստված պահպանի այս երկիրը»: