Քաղաքապետարանը 2019 թ. հատկացված գումար ունեցել է, սակայն չի ծախսել
Երևանի քաղաքապետարանի 2020 թ. բյուջեի նախագծից ամենակարևոր դիտարկումն այն է, որ թվի կանխատեսելիությունն ավելի մեծ է: Մեր գործընկերները 107 մլրդ դրամ բյուջե են կանխատեսում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ադամ Հռիփսիմե Առաքելյանը:
«Մեր գործընկերները բյուջեն 107 մլրդ դրամ են կանխատեսում, քանի որ կարծում են՝ հավաքագրումներն ավելի շատ են լինելու: Այստեղ պետք է նկատել, որ աշխատավարձերի որոշակի բարձրացման տոկոսայնության հետ կապված պետական սուբսիդավորումը շատացել է: Այստեղ մանիպուլյացիա կա»,- ասաց նա:
Առաքելյանը ցանկացավ բյուջեի դեֆիցիտի վրա ուշադրություն դարձնել, ասելով, որ դեֆիցիտը մոտ 9 մլրդ 100 մլն դրամի չափ է: Նա նշեց, որ դեֆիցիտն առաջացել է նախորդ տարի երկրում տեղի ունեցած քաղաքական գործընթացների հետևանքով:
«2020 թ. բյուջեի կանխատեսումը մեզ համար անհասկանալի է, որից շատ ընդգծված կերպով նեղվում են մեր գործընկերները: Բայց մենք պարզաբանման կարիք ունենք, թե նման մեծ դեֆիցիտի պատճառը որն է: Արձանագրեմ, որ վերջին 5 տարիների ընթացքում քաղաքային բյուջեի ամենամեծ դեֆիցիտը եղել է 200 մլն դրամ»,- նշեց ավագանու անդամը:
Առաքելյանը հիշեցրեց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի այն հայտարարությունը, որ քաղաքապետարանը 2019 թ. հատկացված գումարն ունեցել է, սակայն այն չի ծախսել: Առաքելյանի խոսքով՝ նրանց հարցադրումն այն է, թե ինչու այդ գումարը չի ծախսվել և փոխանցվում է 2020 թ. բյուջե: Նրանց այս հարցին պատասխանել են, որ մի շարք հարգելի պատճառներ կան, ինչպես, օրինակ՝ «Սանիթեք» ընկերությանը ոչ պատշաճ աշխատանք կատարելու համար չվճարելը: